Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը հույս է հայտնել, որ ԱԺ 9-րդ նստաշրջանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների աշխատանքը կընթանա կառուցողական մթնոլորտում։
Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Բնականաբար, կլինեն բանավեճեր, սակայն հույս ունեմ, որ դրանք կանցնեն բարեկրթության սահմաններում»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե ծնունդով արթիկցի պատգամավորն ինչ բարեփոխումների ծրագիր է նախատեսում ներկայացնել Շիրակի մարզի, մասնավորապես՝ Արթիկ համայնքի համար, Տարոն Չախոյանը պատասխանել է․
«Եթե չեմ սխալվում, այս պահին կա Արթիկի հրապարակը վերափոխելու նախագիծ։ Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ընթացքում կհասկանանք։ Հիմա զերծ կմնամ պատասխանելուց»։
Տարոն Չախոյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, անդրադառնալով իր արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունների լարված լինելու մասին հարցին, հայտնեց․
«Իմ և Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին լավ են, մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Հինգ տարվա ընթացքում շատ կառուցողական աշխատանք ենք ունեցել իրար հետ և ավելի քան վստահ եմ, որ այն շարունակելու ենք Ազգային ժողովում՝ որպես պատգմավոր»։
Հարցին, թե ինչով է պայմանավորված վարչապետի աշխատակազմից դուրս գալու և պատգամավորի մանդատը վերցնելու որոշումը՝ Չախոյանը նկատեց․
«Պատգամավորական մանդատը մեզ տրվել է ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում, և ես կողմնակից եմ, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված քաղաքական մանդատը պետք է վերցնել և տեր կանգնել»։


