Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ափսոս ձեր հայտարարությունները հեռախոսիս մեջ չեմ պահում, թե չէ հենց հիմա կդնեի, որ ասում էիք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ԱԺ պատգամավորի մանդատը չեմ վերցնի»,-ԱԺ իններորդ գումարման նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանի խոսքով՝ տարօրինակ է, որ Գրիգորյանն ԱԺ-ում է և հարց է տալիս․ «Եթե դուք հավատարիմ լինեիք ձեր խոստմանը, ոչ նախորդ հինգ տարին այստեղ կլինեիք, ոչ հիմա, նաև հարգարժան պարոն Վարդանյանը։ Ես իրականում ուրախ եմ, որ դուք դրժել եք ձեր խոստումը, որովհետև կարծում եմ՝ երկուսդ էլ վատ պատգամավորներ չեք և ինձ բնավ տհաճ չէ ձեզ հետ բանավիճելը»։
Անդրադառնալով Գրիգորյանի հարցին, թե արդյոք սեպտեմբերին պատերազմ լինելու է՝ Ռուբինյանը նշեց․ «Բարեբախտաբար ՔՊ-ն ստացել է մեծամասնություն, մանդատ՝ կազմել կառավարություն։ Մենք բազմիցս ենք բացատրել, որ մենք չենք ասում, որ պատերազմ է լինելու, եթե ընդդիմությունը հաղթի զուտ այն բերումով, որ ընդդիմությունը հաղթի, մենք ասել ենք, եթե ընդդիմությունը հաղթի, գա իշխանության, իրականացնելու է իր ծրագիրը, մենք ասել ենք, եթե ընդդիմությունը գա իշխանության և անի այն, ինչ հայտարարել է, օրինակ՝ վերանայել խաղաղության պայմանագիրը, ապա դա ակնհայտորեն բերելու է պատերազմի։ Ոչ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը և մենք այն հաջողությամբ հասցնելու ենք ավարտին։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի, մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»։
Դիմելով Գրիգորյանին՝ Ռուբինյանն ասաց․ «Ես ուրախ եմ, որ ձեր հինգ տարիների ընթացքում ինձ հետ շփումները սովորեցրել են սուր հարցեր տալ, բայց ուրախ չեմ, որ չեն սովորեցրել, որ այդքան էլ բարեկիրթ չէ մարդկանց ասել՝ դուք ստախոսներ եք։ Ձեր ասածը չի համապատասխանում ճշմարտությանը»։


