Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր Մարտի 1-ի համար, ասել է, թե դա շատ տարօրինակ էր այն առումով, որ Մարտի 1-ին Լևոն Քոչարյանը երիտասարդ տղա է եղել, ոչ թե 7-ամյա երեխա:
«Ինքն ամեն ինչից պետք է տեղյակ լիներ թե՛ ընտանիքում, թե՛ փողոցում և ընդհանրապես մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել փաստահավաք խմբի զեկույցի և նկարահանումների հիման վրա: Դա «Կորսված գարունն» է»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ առավոտյան 06:00-ին տեղի ունեցած բիրտ գործողությունները որակվել են որպես քննչական գործողություններ՝ մոռանալով, որ ըստ օրենքի՝ քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 07:00-ից հետո:
Քոչարյանի խոսքով՝ հետո պարզվել է, որ այդ գործողությունները նկարահանել են, և այդ նկարահանողների ժամը ֆիքսված է, այդտեղ առաջին խախտումներն էին, բայց որպեսզի դա կարողանան փաթեթավորել, տեղի են ունեցել խարդավանքների հսկայածավալ գործողություններ:
«Եվ հիմա ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից, որոնք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա՝ կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, 0038 հրամանը»,- ասել է պատգամավորը՝ ներկայացնելով՝ ինչպես է եղել, որ այդ գործողությունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլև իր անձի հետ:
Նրա խոսքով՝ փաստահավաք խմբի ձեռքին է հայտնվել 0038՝ խիստ գաղտնի հրամանը, որից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք, թե Մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն:
Պատմական ակնարկ կատարելով՝ ներկայացրել է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստան և նշանակել վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի:
«Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը սխալվեց: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից: Դա ակնհայտ էր»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանում իրար հաջորդող քաղաքական սպանություններին:
«Տեղի էին ունենում սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ»,- ավելացրել է Քոչարյանը և հավելել, որ հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո եղել է ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում:
Ու սա, ըստ պատգամավորի, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը:
«Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք: Այդ իշխանության խնդիրը հոկտեմբերի 27-ով լուծվեց»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորը նաև ասել է, որ այս օրերին համոզվել է՝ «Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը, քանի որ հենց նա է արձագանքում այն մեղադրանքներին, որոնք կապված են իր հոր կառավարման տարիների հետ:


