Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին այսօր լրագրողները ճեպազրույցում հարց ուղղեցին նաև՝ կապված ԵԱՏՄ-ի վերաբերյալ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունների հետ, որն ակնարկել էր հնարավոր որոշումների մասին հանրաքվեի չանցկացման վերաբերյալ, նաև հիշեցրին ՀՀ վարչապետի՝ Ղրղզստանում ԵԱՏՄ-ի վերաբերյալ արած հայտարարությունները, որը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները առաջնահերթություն էր համարել:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ քննարկվի հանրաքվեի սցենարը, Խանդանյանը պատասխանեց. «Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է, և Հայաստանի վարչապետը, Կառավարության իմ գործընկերները բազմիցս նշել են՝ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի»:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող առաջիկայում, մոտ ապագայում կամ մոտակա ամիսներին հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել, և որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել:
«Խոսքը Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին է: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, ինչպես տեսաք, Միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը, Հայաստանը նաև ԵԱՏՄ բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, իր ներդրումն է ունենում ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ֆինանսական միջոցների ծավալով»,- ասաց նա՝ կարևորելով ԵԱՏՄ բոլոր անդամների դիրքորոշումը:
Խանդանյանը հավաստիացրեց՝ այս հարցի շուրջ Հայաստանը կշարունակի աշխատել իր գործընկերների հետ:
«ԵԱՏՄ-ում մեր կարգավիճակը և անդամակցության շարունակությունը նաև ամրագրված էր Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, և դա իր արտացոլումը կգտնի նաև Կառավարության ծրագրում»,- հայտնեց պատգամավորը:

