Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիրները տարբեր մանիպուլյացիոն պնդումներ են անում, օրինակ՝ այն մասին, որ Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Սերժ Սարգսյանը բանակցային տարբեր հնարքներ է օգտագործել՝ ի ցույց դնելով, որ ինքը ամենևին Արցախի Հանրապետություն չի ճանաչում: Չի ճանաչում 7 շրջանները՝ որպես Արցախի հատված և դրա համար 2010 թվականին խորհրդարան բերել էր օրենքի մի նախագիծ, որտեղ հստակ նկարագրում էր, թե Սյունիքից աջ ինչ է գտնվում: Սերժ Սարգսյանը սա ամենևին չէր անում, որ այդ պահին կար նման օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն: Սրանք մեսիջներ էին, փոխզսպման մեխանիզմներ էին, սրանք բանակցային հմտություններ էին՝ ի ցույց դնելու, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի այդ տարածքների նկատմամբ: Ամենևին պատահական չէ, որ Սերժ Սարգյսանը մեկնում էր Ղարաբաղ և էլիտային ասում, որ «Կարս-կարս» երգելու փոխարեն երգելու եք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ»: Ես զարմանում եմ, որ Սերժ Սարգսյանի մոտ դեսպան աշխատած մարդիկ սրա մասին չգիտեին: Գուցե սա այն տրամաբանության մեջ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ 6-5 հոգի պետք է տիրապետեն բանակցային գործընթացին: Կամ էլ այս մարդիկ թաքցնում են, որ հանձրարականներ են ստացել գնալ այլ մայրաքաղաքներ ու խոսել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը ճանաչելը ամենևին իրենց աշխատանքը չէ»,-ասաց պատգամավորը:
Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիները տեսել են այն քաղաքական պատասխանատվությունը, որն իշխող մեծամասնությունը ստանձնել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և դրանով հանդերձ գնացել արտահերթ ընտրությունների:
«Սիրելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես ընդդիմադիրները ասում են՝ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանին երկու անգամ ընտրություններում պարտվել են»,-ասաց Ղազարյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ ընտրություններում ՔՊ-ի տարած հաղթանակը հստակ գնահատական է անցյալի հանդեպ:
Ղազարյանը նաև հավելեց, որ Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման արդյունքում որևէ տարածք չի զիջել Ադրբեջանին:


