Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անտանելի է կարոտել մեկին, ում չես հիշում. արտահայտություն, որին հանդիպում ենք «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայում, որի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 10-ին «Cinema Star» կինոթատրոնում:
Ֆիլմի պատմության կենտրոնում մեծահարուստի որդի Մարկն է, որի կյանքը փոխվում է մեկ ճակատագրական դեպքից հետո։ Պատժից խուսափելու համար հայրը որդուն տանում է հոգեբուժարան, որտեղից էլ սկսվում Է սիրո և ազատության համար մղվող պայքարը: Հերոսը հանդիպում է Սալլիին, սիրահարվում է և փորձում ամեն գնով՝ նույնիսկ վտանգելով հոր հեղինակությունը, նրան դուրս հանել հոգեբուժարանից։ Պատմությունը ծավալվում է հետաքրքիր զարգացումներով, ներկայացվում է հոգեկան առողջության թեման և բացում մարդկային բնավորության նուրբ շերտեր: Հերոսները փորձում են վերագտնել սեփական արժեքները, իսկ թե ինչպիսինն է շարունակությունը, արդեն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանն ու Մերի Քոչարյանը։ Դերասանական կազմում են նաև Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արամ Կարախանյանը, Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Սարգսյանը։
Մերի Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին գեղարվեստական ֆիլմն է. «Շատ ուրախ եմ այս ֆիլմում մասնակցություն ունենալու համար, սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն է, շատ բարդ կերպարում եմ հանդես գալիս, շատ լարված եմ: Յուրաքանչյուրս մեծ աշխատանք ենք կատարել: Շատ հետաքրքիր ու տարբերվող սցենարով ֆիլմ է, նոր որակ ենք բերել հայկական շուկա»:

Դերասանուհին նշեց, որ սովորական աղջկա չի մարմնավորել. «Դերն ինքնին շատ բարդ է, շատ բարդ էր իմ ընտրվելը և մեծ պատասխանատվություն էր: 22 տարեկանում ստացվեց իմ գեղարվեստական ֆիլմն այս մասշտաբով, կարծում եմ՝ հանդիսատեսը կհավանի»:

Թելման Խաչատրյանն էլ նշեց, որ ֆիլմում բարդ տեսարանները մի քանիսն են եղել. «Որպես այդպիսին կարող եմ առանձնացել հորս հետ տեսարանը, որը մինչև նկարահանման պրոցեսին հասնելն է բարդ եղել, որ ճիշտ կառուցվի կերպարը: Բարդ էր նման տեսարաններ խաղալը, բայց ցանկացած կերպար խաղալու դեպքում էլ բարդություններ են լինում և դժվարությունների հանդիպում ես»:

«Ճերմակ շապիկ»-ի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանը, բեմադրող օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Նաղդալյանը։ Ֆիլմը MONK3 PRODUCTION-ի առաջին լիամետրաժ գեղարվեստական աշխատանքն է:














