«Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ ընտրակաշառքի հերթական աղմկահարույց դեպքն է արձանագրվել։ Իրավապահների հաղորդմամբ՝ Ստեփանավանում կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, այլ անձանց օժանդակությամբ, ընտրողներին գումար է տվել՝ իր քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով։ Գործի շրջանակում ձերբակալվել է 14 անձ։ Մեղադրանքները դեռ պետք է հաստատվեն դատարանում, բայց հրապարակված տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում։
Առավել ուշագրավ է, որ խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որի ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ նույնպես մեղադրանքներ ու հրապարակումներ են եղել։ Եվ հիմա նույն կուսակցության անունը կրկին հայտնվում է ընտրակաշառքի վերաբերյալ իրավապահների հաղորդագրության մեջ՝ այս անգամ Ստեփանավանում։
Ստացվում է՝ «Ուժեղ Հայաստանը» պետք է պատասխանի մի պարզ, բայց անհարմար հարցի՝ եթե ուժեղ եք, ինչո՞ւ եք փորձում գնել ընտրողի ձայնը։
Ուժեղ քաղաքական ուժը մարդկանց համոզում է իր ծրագրով, գաղափարներով և վստահություն ներշնչող գործելակերպով։ Իսկ երբ ընտրողի ձայնի դիմաց գումար է առաջարկվում, քաղաքական մրցակցությունը վերածվում է առևտրի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ կուսակցությունը վստահո՞ւմ է իր գաղափարներին, թե՞ հույսը դրել է ընտրողների ֆինանսական խոցելիության վրա։
Եթե Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հնչած մեղադրանքներին այժմ ավելանում է Ստեփանավանի դեպքը, ապա «Ուժեղ Հայաստանի» համար սա պարզապես հերթական իրավական խնդիր չէ։ Սա քաղաքական վստահության լուրջ փորձություն է։ Չի կարելի մի կողմից հավակնել երկրի իշխանությանը, խոսել ուժեղ պետությունից, իսկ մյուս կողմից՝ սեփական անվան շուրջ կուտակվող ընտրակաշառքի կասկածներին չտալ համոզիչ պատասխան։
Երկրի իշխանությունը ստանձնելու հավակնություն ունեցող ուժը նախ պետք է ապացուցի, որ հարգում է ընտրողի ազատ կամքը։ Որովհետև ընտրակաշառքով ձեռք բերված ձայնը ժողովրդական վստահություն չէ, այլ դրա գնման փորձ։
Եթե մեղադրանքները հաստատվեն, օրենքի առաջ պատասխանատվությունից չպետք է փրկի ո՛չ կուսակցության անունը, ո՛չ ֆինանսական հնարավորությունները, ո՛չ էլ քաղաքական հավակնությունները։ Իսկ հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ «Ուժեղ Հայաստանի» իրական ուժը գաղափարների մե՞ջ է, թե՞ ընտրողի ձայնի դիմաց առաջարկվող գումարի։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


