Ո՞ր երեխաներին են նախընտրում որդեգրել, և արդյո՞ք այցելում են նրանց կենսաբանական ծնողները. Լիդա Ջուլիկյանը՝ որդեգրման նրբությունների մասին Zarkerak - Ո՞ր երեխաներին են նախընտրում որդեգրել, և արդյո՞ք այցելում են նրանց կենսաբանական ծնողները. Լիդա Ջուլիկյանը՝ որդեգրման նրբությունների մասին
Zarkerak Zarkerak - Ո՞ր երեխաներին են նախընտրում որդեգրել, և արդյո՞ք այցելում են նրանց կենսաբանական ծնողները. Լիդա Ջուլիկյանը՝ որդեգրման նրբությունների մասին
Ո՞ր երեխաներին են նախընտրում որդեգրել, և արդյո՞ք այցելում են նրանց կենսաբանական ծնողները. Լիդա Ջուլիկյանը՝ որդեգրման նրբությունների մասին

Ո՞ր երեխաներին են նախընտրում որդեգրել, և արդյո՞ք այցելում են նրանց կենսաբանական ծնողները. Լիդա Ջուլիկյանը՝ որդեգրման նրբությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կենտրոնում  խնամք են ստանում 54 երեխա՝ 80 տոկոսը  և ավելին  առողջական խնդիրներ ունեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՍՀՆ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանը:

Մեր հարցմանն ի պատասխան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ  ՀՀ-ում ամենաշատ որդեգրումներն իրականացվում են Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ից, որտեղ  խնամք են ստանում 0-6 տարեկանները:

Հայաստանցի թեկնածուները ցանկանում են որդեգրել բացառապես առողջ երեխաներ

ԱՍՀՆ-ից ստացված տվյալների համաձայն, ՀՀ-ում 2025-ի մարտի սկզբի դրությամբ որդեգրման է ենթակա 282 երեխա, նրանցից 250-ը՝ ավելի քան 88 տոկոսն ունեն առողջական խնդիրներ, իսկ երեխա որդեգրել ցանկացողների թիվը 92 է: 

Լիդա Ջուլիկյանը ներկայացրեց, որ 2022-ին որդեգրվել է 7 երեխա, 5-ը՝  ՀՀ քաղաքացիների կողմից, 2-ը՝ արտասահմանցիների, 2023-ին՝ 5 երեխա, 2024-ին՝ 5: Նշեց, որ  հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող երեխաները որդեգրվել եմ միայն արտասահմանցիների կողմից:  

«Վերջին հինգ տարվա տվյալներով՝ որդեգրման հետաքրքրվածությունը բավականին մեծ է: ՀՀ-ից որդեգրման ենթակա ծնողներն ավելի շատ են և ավելի ոգևորված են սպասում իրենց հերթին և առողջ երեխա ընտրելու հնարավորությանը: Հայաստանցի որդեգրել ցանկացող ընտանիքները միանշանակ և բացարձակ թվով ընտրում են հիմնականում մինչև մեկ տարեկան  և առողջ երեխաներ, գուցե տարիքի հարցում զիջումների գնան, բայց առողջության հետ կապված հարցերը խիստ առաջին տեղում են»,- նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա այս ընտրողական մոտեցումը նաև հասկանալի է, քանի որ որդեգրման որոշում կայացնողները բավական բարդ ճանապարհ են անցած լինում և ձգտում են ընտանիքը համալրել հենց իրենց  պատկերացրած երեխայով:   

Մինչդեռ ըստ նրա, արտասահմանից որդեգրողները առողջական խնդիրների նմանատիպ ընտրողականություն չունեն: Այս դեպքում առաջ քաշվող վարկածներից է նաև այն, որ օրինակ ԱՄՆ-ում, Եվրոպայում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի համար պետությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում. «Եթե անգամ մեր պետությունը սոցիալական  վճարներ  նախատեսի՝ այդպիսով խթանելով, որ որդեգրվեն առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, գրեթե 90 տոկոսով  վստահ եմ՝ էլի ունենալու ենք  բացասական արդյունք: Այստեղ ավելի մշակութային  և արժեհամակարգային խնդիր է»: 

Ընտրության հնարավորությունը մեծ չէ

«Առողջ երեխաները շատ քիչ են  կենտրոնում, ընտրության հնարավորության բացակայությունը թույլ չի տալիս որդեգրողներին հասնելու մտքերին, թե հստակ ինչպիսի տեսք, աչքերի գույն, դիմագծեր պիտի ունենա երեխան, ինչպես նշեցի առաջնայինն առողջական վիճակն  է»,- նկատեց  Լիդա Ջուլիկյանը:

Ասաց՝ գուցե ճակատագրի հեգնանք է, բայց որդեգրված երեխաները շատ դեպքերում նման են լինում որդեգրողներին:  

Մեր զրուցակցի խոսքով,  որդեգրողներին բնականաբար նաև հետաքրքիր են երեխայի գենետիկ առանձնահատկությունները, թեև Հայաստանում լուրջ հետազոտությունների համար հնարավորությունները սահմանափակ են.«Իրականում բոլոր որդեգրողներին էլ այդ հարցը հետաքրքրում է՝ ընտանիքի, ծագման, գենետիկայի մասին  հարցադրումներ լինում են: Մինչև երեխային որդեգրելը՝ այցելելու ժամանակահատվածում հնարավորություն են ստանում բժշկի մոտ հետազոտություններ անցնել»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը: Ըստ նրա, եթե առողջական խնդիրների մասով  կարելի է որոշակի պատկեր կազմել, ապա գենետիկ առաձնահատկությունների դեպքում ամբողջական տեղեկատվության հավաքագրումը բարդ է:  

«Երբ որդեգրում ես երեխա, համահավասար է կենսաբանական ընտանիքում երեխա ունենալուն  և, եթե անգամ կլինեն դժվարություններ, այդ թվում՝ հետագայում գենետիկայից բխող հիվանդություններ, ընտանիքը պետք է  գիտակցի, որ եթե գնացել է այդ քայլին, ապա պետք է ամբողջ կյանքում երեխայի հետ այդ ճանապարհն անցնի»,- ասաց մեր զրուցակիցն ու նշեց, որ վերջին հինգ տարիների իր պաշտոնավարումը հուշում է՝ ընտանիքները չեն հրաժարվում որդեգրված երեխաներից, նման նախադեպերն էլ որդեգրման դեպքերի անգամ չնչին մասը չեն կազմում:

Ամեն ինչ սկսվում է հուզական կապից

«Երբ նորածին բալիկը որդեգրողին տեսնում է, սկսում է ձեռքերով ձգտել նրան, ժպտալ, կան որոշակի ինդիկատորներ, որոնք մեզ օգնում են հասկանալ, որ երեխան ընդունել է այդ մարդուն», - ասաց մեր զրուցակիցն ու նկատեց, որ նորածին, կամ մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում հուզական կապն ավելի արագ է ստացվում:

Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկաններին, պարտադիր չէ, որ երեխան  ցանկացած իրենց մոտեցողի գրկաբաց ընդունի: Բայց փորձը հուշում է՝ հուզական կապը ստացվում է.«Որդեգրման քայլին գնացողն ամեն ինչ անում է՝ երեխայի սիրտը շահելու, հետը դրական հուզական կապ ստեղծելու: ՊՈԱԿ-ում հանդիպած դեպքերում երեխան անհամբեր սպասել է, թե երբ է որդեգրողը գալու իրեն տեսակցելու և երբ է վերջապես տանելու տուն: Այլ երեխայի սեր ու ջերմություն տալու համար պետք է ամուր հուզական կապը ստեղծվի, եթե սպոնտան իմպուլսներով երեխային ընտրեն, չենք ունենա այն արդյունքը, ինչն ունենում ենք, գուցե կոպիտ է հնչում, բաց լավ կլինի ճիշտ ընտրություն անել, որովհետև դա երեխայի ճակատագրի հարցն է»:

«Ըստ որդեգրման կարգի, երեխային ընտրելուց հետո, երբ գալիս և տեսակցում են, հաջորդող 14 օրերին իրենք պետք է թեկուզ ամեն օր  գան, այցելությունների սահմանափակում չկա: Քանի որ պետք է հասկանան  երեխան նա է, որին ուզում են ամբողջ կյանքում պահե՞լ, թե՞ ոչ: Դրանից հետո արդեն դատական գործընթացն է, տեսակցություններն ավարտվում են և որդեգրումը համարվում է  ավարտված,  երբ արդեն կայացած է լինում դատավճիռը»:  

Ըստ  Ջուլիկյանի, գործընթացը տևում է միջինում 3-4 ամիս, որոշ դեպքերում 6-8 ամիս և որքան ժամանակը ձգձգվում է, իհարկե դա նաև երեխայի հոգեվիճակի վրա է անդրադառնում.«Երեխայի լավագույն շահից չի բխում հաստատությունում երկար ապրելը, բարդացած դեպքերում երեխայի համար դժվար է սպասելը, նրա հետ աշխատում են նաև հոգեբանները, ապագա ծնողների հետ հանդիպումներով փորձ է արվում մեղմել իրավիճակը»: 

Ծնող ունենալու կարգավիճակը խիստ հարաբերական է

Ըստ ԱՍՀՆ-ի, ՀՀ-ում 2024-ին որդեգրված երեխաներից 14-ը ծնող է ունեցել: Մեր զրուցակիցն առաջարկեց  այս կարգավիճակը դիտարկել իրավական լույսի ներքո:  

«Եթե երեխան հաշվառվում է որդեգրման  և նրան ընտրում են որդեգրման ենթակաների բազայից,  ապա ծնող ունենալ-չունենալը  չակերտավոր է: Կա ծնողազուրկի կարգավիճակ, նաև գոյություն ունի առանց ծնողական խնամքի մնացած եզրույթ: Դա այն է, երբ ծնողը  իրավական որոշակի ձևաչափով հրաժարվում է իր ծնողական իրավունքներից և պարտավորություններից:  Սրանից հետո՝ անկախ  ֆիզիկապես գոյություն ունենալուց, երեխայի հանդեպ իրավունքները սահմանափակվում են՝ ներառյալ այցելություն, տեսակցություն, կապ նոր ընտանիքի հետ», - բացատրեց նա: 

«Ըստ նրա, իրենց ՊՈԱԿ-ի դեպքում որդեգրման ենթակա առողջ երեխաներին ծնողները չեն այցելում, հազվադեպ են դեպքերը երբ խղճի խայթից ելնելով այցելում են  առողջական խնդիրներ ունեցող երեխաներին»,- ասաց Ջուլիկյանը և տեղեկացրեց, որ մինչև որդեգրման վճիռը կայացնելը դատարանը կենսաբանական ծնողին ծանուցում է, և որդեգրումից հետո էլ կենսաբանական ծնողն իրավականորեն կապ չի կարող ունենալ երեխայի հետ:  

Ի դեպ, ըստ օրենսդրության, տասնութ տարին լրացած որդեգրված անձն իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողների թույլտվության պարագայում վերջիններիս անձնական տվյալների վերաբերյալ։

Թեմային Zarkerak.am-ը անդրադարձել է նաև Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ, քանի՞ երեխա է որդեգրվել և հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը հոդվածում: 

Մարիամ Մկրտչյան

 

24 Մարտ, 2025 13:42
Վեր