Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի շրջանակում ՀՀ պետական մարմինների կարիքներից բխող գիտական խնդիրների լուծման նպատակով ներկայացվել է 200 գիտական նախագիծ՝ ավելի քան 14 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։
Մրցույթի նպատակն է աջակցել պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև ձևավորել և զարգացնել պետական կառավարման մարմինների և գիտական համայնքի միջև կապերը։
Մրցույթը հայտարարվել է ՀՀ գերատեսչությունների կողմից նախապես առաջադրված 86 թեմաների հիման վրա, որոնց վերաբերյալ 12-60 ամիս տևողությամբ նախագծի հայտ կարող էին ներկայացնել առնվազն 3 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբերը: Միաժամանակ, գիտական խմբերը հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև ցանկում չներառված ծրագրային առաջարկներ՝ ուղեկցելով դրանք շահագրգիռ գերատեսչության պաշտոնական գրությամբ, որով հավաստվում է նախագծի նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության ռազմավարական խնդիրների լուծման տեսանկյունից։
Արդյունքում՝ նախապես առաջադրված 69 թեմաներով ստացվել է 142 հայտ, իսկ գերատեսչությունների երաշխավորությամբ ներկայացված լրացուցիչ թեմաներով՝ 58 հայտ։ Առանձին թեմաների կատարման համար, կախված վերջիններիս ծավալից և բնույթից, կարող են ընտրվել գիտական փորձաքննության փուլը հաղթահարած մեկից ավելի հետազոտական խմբեր, որոնք կտարբերվեն կիրառվելիք գիտական մեթոդով կամ ուսումնասիրության տարածքով։
Հայտերի առավելագույն քանակը՝ 31 հայտ, ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջադրած գիտահետազոտական թեմաների առնչությամբ։ 26 գիտահետազոտական խումբ նախագիծ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, 18-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և 17-ը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջադրած թեմաների վերաբերյալ։
Հայտատու խմբերի ղեկավարներից 126-ն արական, իսկ 74-ը իգական սեռի են․ խմբի անդամներից առնվազն երկուսը երիտասարդ են՝ մինչև 35 տարեկան։ Մրցույթի հայտատուներից 173-ը ներառված են ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող որևէ ծրագրում, իսկ 27-ը ներկայացնում են այլ կազմակերպություններ։


