Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Zarkerak - Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Zarkerak Zarkerak - Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․

«Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

 

29 Մարտ, 2026 19:45
Վեր