Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին և ընդգծել, որ իր նախագահության տարիներին Սփյուռքից ներդրումների համար միջավայրը նպաստավոր էր։
«Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։
Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։
Այդ ներդրումները երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի»։ (Հարցազրույցը հրապարակվել է մի շարք հայաստանյան մեդիաներում 1, 2, 3, 4)
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը և պարզել, որ նրա պաշտոնավարման տարիներին իսկապես եղել են խոշոր սփյուռքյան ներդրումներ և հաջողված նախագծեր, սակայն նրա պնդումը, թե «ոչ մի սփյուռքահայ որևէ խնդրի չի հանդիպել», չի համապատասխանում իրականությանը։
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է 1998-2008 թվականներին։
«Հետքի» արխիվային նյութի համաձայն՝ Քերոլայն և Ջորջ Նաջարյանները երկար տարիների բարեգործություններից ու ներդրումներից հետո հիասթափված են 2004-ին հեռացել Հայաստանից։ «Անհնար է արտահայտել այն ամենը, ինչի միջով մենք անցանք վերջին տարվա ընթացքում: Պարզվում է, որ օրինական գործընթացները և իրավունքների ու ներդրումների պաշտպանությունը դեռ չյուրացված գաղափարներ են Հայաստանի կառավարության համար: Որքանով մենք հասկացանք, շատ այլ սփյուռքահայեր են ունեցել նման խնդիրներ և արժանացել են նման վերաբերմունքի»,- 2004-ին լրատվամիջոցին ուղարկված նամակում գրել են Նաջարյանները։
Նույն լրատվամիջոցը հոդվածաշար (1, 2) ունի ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան գործունեության մասին։ Նա իր բաց նամակում՝ վերնագրված «Նորից տիրացել են ուրիշի ունեցվածքին» նշել է՝ 2003-ից ներդրումներ է կատարել Հայաստանում՝ հավատալով, որ պետությունը խրախուսում է բիզնեսն ու պաշտպանում ներդրողներին։ Նա հիմնել է «Արին Կապիտալ» ընկերությունը և Մաշտոցի պողոտայում սկսել խոշոր շինարարական նախագիծ։ Իր գործունեության ընթացքում Խուդյանը կորցրել է ներդրումները, բախվել է կոռուպցիոն և դատական խնդիրների, չի ստացել պետական պաշտպանություն, և իրեն «խաբված» է զգացել Հայաստանում։
«Հետքը» իր մեկ այլ հոդվածում գրում էՋեյմս Թուֆենքյանի մասին․ «Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ»։ 2000-ականներից սկիզբ առած խնդիրը, անցնելով հայաստանյան դատական ատյաններով, այս տարի փետրվարին Թուֆենկյանի ներկայացուցիչները մուտքագրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Հայաստանում կարելի է համատեղել հայրենասիրությունն ու հաջող բիզնեսը»,-2003-ին դիմելով շուրջ 150 սփյուռքահայ գործարարների ասել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հենց այդ ժամանակ նա իր ելույթում փորձել է փարատել «օրենքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգությունները» ու դժգոհել է, որ որոշ հարուստ սփյուռքահայեր ներդրումները դիտարկում են որպես «հերոսական զոհաբերություն» և իշխանություններից հատուկ վերաբերմունք են ակնկալում։
Փաստացի, նույնիսկ Քոչարյանի իշխանության տարիներին սփյուռքահայ ներդրողների շրջանում արդեն առկա էին լուրջ մտահոգություններ օրենքի գերակայության և բիզնես միջավայրի վերաբերյալ։ Հետևաբար այս հանգամանքը հակասում է Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում նրա հնչեցրած մտքին՝ «Իմ նախագահության ընթացքում ոչ մի սփյուռքահայ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի»։
շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

