Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վահան Կ․-ի վարած երկաթով բարձված «Գազել» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանը և Տիգրան Քեֆոյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


