Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դա մի թեմա է, որի շուրջ արվում է ամենօրյա աշխատանք, մյուս կողմից այդ աշխատանքն աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում: Մենք հնարավորն անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմության խոսույթին՝ վարչապետը նշեց. «Այն խոսույթը, որն օգտագործում են ընդդիմադիր այն ուժերը, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ այդ մարդկանց խնդիրը լուծվի, որովհետև Ադրբեջանում էլ են հետևում քաղաքական խոսույթին, տեսնում են՝ Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս, դա ազդում է ընդհանուր պրոցեսի վրա, կամ պարոն Բաբայանի թիմակիցնրն ու համախոհներն ինչ խոսույթով են հանդես գալիս, ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրել և ուր են տանում իրենց պատկերացրած պրոցեսը: Եթե Դաշնակցությունը մոտավորապես զարգացնում է այն միտքը, թե ասենք օրինակ՝ Ղարաբաղը հետ ենք բերելու, տրամաբանակա՞ն է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ պրոցեսին, ոնց են հետ բերելու, պարզ է չէ որ դա կոնֆլիկտի խոսույթ է»:
Փաշինյանի խոսքով՝ նրանց խնդիրը կլուծվի, բայց դրա համար խաղաղության մթնոլորտը պետք է ուժեղանա. «Ես չեմ կարող Դաշնակցություն կուսակցության ներկայացուցչի ազատության հասնելու հարցում արդյունքի հասնել, եթե ՀՀ-ում Դաշնակցությունն ագրեսիվ, կոնֆլիկտային քաղաքականություն է վարում և խոսույթներ է օգտագործում»:


