Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին հրավիրված նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները՝ նշել է, որ հաշվետու տարոին նշանավորվել է ինչպես օրենսդրական լրամշակումներով, այնպես էլ շուկայի կառուցվածքային զարգացումներով: Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Համաշխարհային բանկի մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի» և «էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները:
Հաշվետու տարվա ընթացքում լրամշակվել են նաև էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հիմնարար իրավական ակտերը՝ մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, հաղորդման և բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:
Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ: «Եթե 2022 թվականին ազատական հատվածի սպառումը կազմել էր ներքին սպառման 5.3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20.1 տոկոս, 2024 թվականին՝ 27.8 տոկոս, իսկ 2025 թվականին այն հասել է արդեն 33.2 տոկոսի: Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474.5 միլիոն կիլովատ ժամ սպառման ծավալ մուտք է գործել ազատական շուկա»,- ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը:
2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների և պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Նույն իրավիճակն է պահպանվել նաև էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտներումգ տարվա ընթացքում հոսանքի, գազի և ջրի սակագները մնացել են անփոփոխ:
Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, 20-ը եղել են կառուցման փուլում՝ 38 մեգավատ հզորությամբ: Արևային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արևային էլեկտրակայան՝ 448 մեգավատ հզորությամբ, եւս 42-ը՝ կառուցման փուլում՝ 183 մեգավատ հզորությամբ: Բացի այդ, բաշխման ցանցին միացված ինքնավար արևային արտադրողների թիվը գերազանցել է 50 հազարը, նրանց ընդհանուր հզորությունը կազմել է 640 մեգավատ, իսկ ամսական աճը միջինը կազմել է 1520 մեգավատ:
Նշվել է, որ հեռահաղորդակցության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Շարժական կապի բաժանորդների թիվը 2025 թվականի տարեվերջին կազմել է 4,151,192՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,792-ով: Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3,550,621՝ աճելով 8.9 տոկոսով: Հանրապետությունում գործում է ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որոնցից 170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երևանում: Ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 624,985՝ աճելով 3.5 տոկոսով:
2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում -բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:
Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 190.2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ 88.5 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Միաժամանակ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10.3 միլիարդ դրամ, որի հիմնական մասը՝ 9.7 միլիարդ դրամը, ձևավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործման և թույլտվությունների տրամադրման գծով մուտքերից: Լիցենզիայի տուրքերից մուտքագրվել է 380.23 միլիոն դրամ, իսկ իրավական ակտերի խախտումների համար կարգավորվող անձանց կողմից վճարվել է 227.4 միլիոն դրամ:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունվել է ի գիտություն:


