Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ներկայումս Հայաստանում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում և պարտադիր պահանջ գոյություն չունի: Արդյունքում, բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք և համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այս մասին հուլիսի 2-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի համահեղինակը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորագույն խորհրդանիշներից է, ու հավելել, որ նախագծով ամրագրվում է պարտադիր պայման՝ ՀՀ համայնքների յուրաքաչնյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետք է տեղադրված լինի պետական դրոշ, որի առկայությունը կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը, կստեղծի միասնական պետական միջավայր, կունենա կրթական և դաստիարակչական նշանակություն, կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը քաղաքացիների և այցելուների շրջանում:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա, ուստի գործադիրը դրան տվել է դրական եզրակացություն:


