Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի: Այս մասին է ընդգծել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ամփոփելով Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է շարունակական կրթության անհրաժեշտությունը և այս առումով՝ կարգապահ վարքագիծը: «Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և Եվրոպայից Հայաստան ժամանած դատախազներին առաջարկել է մտածել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2027 թվականին նախատեսվող համաժողովի համար, հիմք ընդունելով տուժողների իրավունքների պաշտպանության հիմնահարցը, քննարկման ենթակա հարցերի շրջանակի մասին:
Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հետ վստահելի, արդյունավետ և շարունակական համագործակցության համար, որն արդեն վերաճել է հիմնական գործընկերության։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Գլխավոր դատախազության հետ համագործակցության արդյունքը և ընդգծել, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը փոխգործակցությունը շարունակելու ամուր հիմք է հանդիսանում:
Հիշեցնենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև տուժողակենտրոն արդարադատությանն առնչվող արդիական հարցեր։
Անդրադարձ է կատարվել ֆինանսական հանցագործությունների նոր դրսևորումներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաներին, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետ մեխանիզմներին։
Քննարկվել են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման արդյունավետ մոդելները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի (ակտիվների) վերաբերյալ, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը։
Թեմատիկ քննարկումները վարել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության ղեկավար Եվգենի Եվգենիևը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:
Վերոնշյալ թեմաներին առնչվող զեկույցներով են հանդես եկել՝
Միջոցառման ավարտին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը ներկայացրել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 2026 թվականի № 21 եզրակացության նախագծի հիմնական դրույթները:


