Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի (HLPF) 2026 թվականի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների (SIDS) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև մի շարք Կամավոր ազգային զեկույցների (VNR) ներկայացումները։
.jpg)
Դեսպան Հովհաննիսյանը նաև որպես բանախոս մասնակցել է «Միջին եկամուտ ունեցող երկրների համար ԿԶՆ-ների իրագործման արագացում» թեմայով քննարկմանը, որտեղ ընդգծել է, որ երկրի կողմից առաջնորդվող զարգացումն ու ազգային առաջնահերթությունների հիման վրա ձևավորված քաղաքականությունները պետք է լինեն միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող ապագա Ռազմավարական գործողությունների ծրագրի հիմքում։
.jpg)
«Լեռնային տարածաշրջանների համար գործողությունների արագացում․ 2023–2027 թվականների Գործողությունների հնգամյակի իրականացում» խորագրով HLPF-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում նա կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխկապակցվածության ամրապնդումը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահող երկիր, նպաստելու գլոբալ լեռնային օրակարգի առաջմղմանը՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական գործողությունների և հողերի կայուն կառավարման ոլորտներում գործնական ու ինտեգրված մոտեցումների միջոցով։
.jpg)
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ նախարարական հատվածի շրջանակներում, որը կհամախմբի բարձրաստիճան պետական ներկայացուցիչների՝ քննարկելու 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացը։


