Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», ժողովրդին ավելի հայտնի Ռազմիկ Աբրահամյանին ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Երանոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։


