Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԵԱՏՄ-ի հետ կապված ես ոչ մի պահի չեմ խուսափել գնահատականներից: Բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք: Մնացածը՝ ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ: Մենք այսպես, թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, եթե հիմա նույնիսկ 100 տոկոսով վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում: Խնդիր է, երբ մեր արտահանումներն ու ներմուծումները կարող են մեծապես կախված լինել մի օղակից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով երկաթուղու հետ կապված իրավիճակին՝ Փաշինյանը նշեց. «Երկաթուղու հետ կապված իրադրությունում մենք ուզում ենք բարեկամական լուծում, չենք ուզում գնալ սուր լուծումների: Բարեկամական լուծումը որն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների: Օրինակ՝ դրանցից մեկը կարող է լինել ՌԴ-ի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, դա կարող է լինել ամբողջական կամ մասամբ, բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի և այդպես շարունակ: Մենք չենք ուզում խզում, լուծարում, դա միշտ էլ կա, բայց մենք չենք ուզում, ինչի համար գնանք այդ ճանապարհով: Ես ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերում ՌԴ-ի շահերին, խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին: Երկաթուղին մատչելի է բոլորի համար, բայց կան երկրներ և երկրների խմբեր, որոնք այդ երկաթուղու օգտագործման հիմնական վճարող և ֆինանսավորող ուժերն են: Նրանք, ովքեր հիմնական օգտվողներն են, մեզ ասում են, որ ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում, որովհետև մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցենսիայի ներքո»:


