Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 21-ին և 22-ին Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Վարչաֆեստ 2026»-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր: Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, որոնցից եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր՝ Palemoon, «Նուշ Բենդ», Sarian Band, N.O.R.G., «Տանիքում Բենդ», «Քամանչա Ժ.Ն.Ա.», Wevibe Project, Pink Stones, «Էդի Բենդ», «Վարդենիս 1 Ժ.Գ.Ն.», «Վանական», «Կարճ ասած», David&Rima, Algorithm, «Ավանի Մ.Տ.Հ.», Dophamin Band, Ethnorythm, «ԴՆԹ Խումբ», «Գամմա Բենդ», Red Line:
Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։ «Վարչաֆեստ 2026»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են Վահագն Հայրապետյանը, Կառլ Մանուկյանը, Վահագն Գևորգյանը, Նարինե Զարիֆյանը և Մհեր Մանուկյանը։
Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։
Գլխավոր մրցանակ՝ 4 միլիոն ՀՀ դրամ
Առաջին մրցանակ՝ 3 միլիոն ՀՀ դրամ
Երկրորդ մրցանակ՝ 2 միլիոն ՀՀ դրամ
Երրորդ մրցանակ՝ 1 միլիոն ՀՀ դրամ
Եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը կմասնակցեն «Վարչաֆեստ» վրանային ճամբարի ծրագրին։ Այս ձևաչափը կստեղծի փորձի փոխանակման, համագործակցության և նոր ստեղծագործական կապերի ձևավորման նպաստավոր միջավայր՝ երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման համար։
Փառատոնի ընթացքում նախատեսված է նաև համերգային հատուկ ծրագիր՝ սիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի հատուկ հյուրերն են Kami Friends, «Լավ էլի» խմբերը և այլ արտիստներ, որոնք հանդես կգան փառատոնի համերգային ծրագրի շրջանակում՝ ապահովելով հանդիսատեսի համար հիշարժան երաժշտական մթնոլորտ։ Նախատեսված են նաև ջրային զվարճանքներ, խաղեր, ֆոտոանկյուններ, սպորտային խաղագոտի:
Եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, կգործի նաև Երևան-Սևան հատուկ երթուղի: Երևանի Սասունցի Դավիթ կայարանից գնացքը Սևան Festival City կուղևորվի ժամը 09:30-ին. վերադարձը՝ 22:30:
«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։ Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանն ու Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը:
Մանրամասները՝ «Վարչաֆեստ 2026»-ի պաշտոնական կայքում:


