«Պուտինի հանրաքվեն․ ԵՄ-ԵԱՏՄ ընտրությո՞ւն, թե՞ Փաշինյանի իշխանության երկրորդ քվեարկություն» Zarkerak - «Պուտինի հանրաքվեն․ ԵՄ-ԵԱՏՄ ընտրությո՞ւն, թե՞ Փաշինյանի իշխանության երկրորդ քվեարկություն»
Zarkerak Zarkerak - «Պուտինի հանրաքվեն․ ԵՄ-ԵԱՏՄ ընտրությո՞ւն, թե՞ Փաշինյանի իշխանության երկրորդ քվեարկություն»
«Պուտինի հանրաքվեն․ ԵՄ-ԵԱՏՄ ընտրությո՞ւն, թե՞ Փաշինյանի իշխանության երկրորդ քվեարկություն»

«Պուտինի հանրաքվեն․ ԵՄ-ԵԱՏՄ ընտրությո՞ւն, թե՞ Փաշինյանի իշխանության երկրորդ քվեարկություն»

Հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնություն կազմեց «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողեց ընտրությունների արդյունքները։ Բայց Մոսկվան մինչև օրս չի ընդունում այդ ընտրության քաղաքական արդյունքը։ Պուտինը Փաշինյանին չի շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ։ Փոխարենը ընտրություններից հետո Մոսկվան նոր պահանջ է առաջադրում՝ Հայաստանը պետք է հնարավորինս արագ հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է Ռուսաստանին պետք այդ հանրաքվեն հենց հիմա։ Պատասխանը թերևս պարզ է, որովհետև հանրաքվեն կարող է դառնալ այն քաղաքական մեխանիզմը, որով Հայաստանի իշխանության հարցը նորից կբացվի՝ արդեն ընտրություններից հետո։ Այն ընտրություններից հետո, որի արդյունքը Պուտինի սրտով չի եղել։

Եթե իշխանությունն այսօր հայտարարի հանրաքվե անցկացնելու մասին, ապա շատ դժվար է պատկերացնել, որ այն կմնա բացառապես ԵՄ–ԵԱՏՄ ընտրության շրջանակում։ Քաղաքական պայքարը շատ արագ կվերածվի գործող իշխանության նկատմամբ վստահության կամ անվստահության ընտրության։

Այսինքն՝ քվեաթերթիկի վրա կարող է գրված լինել՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ», բայց քաղաքական դաշտում իրական հարցը կարող է դառնալ՝ «Փաշինյանի՞ն կողմ, թե՞ նրա դեմ»։ Եվ սա Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր խաղ է, քան պարզապես ԵԱՏՄ-ն պահպանելու հարցը։ Որովհետև այդ դեպքում Մոսկվայի տեղական քաղաքական խամաճիկները հնարավորություն կստանա մեկ ընդհանուր օրակարգի շուրջ հավաքել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են գործող իշխանությունից՝ անկախ այդ դժգոհության պատճառից։

Պետք չի լինի հանրությանը համոզել ԵԱՏՄ-ի առավելությունների մասին։ Բավական կլինի հանրաքվեն ներկայացնել որպես Փաշինյանի արտաքին քաղաքականության գնահատական։ Այսպիսով՝ «ոչ ԵՄ-ին» կարելի է քաղաքականապես վերածել «ոչ Փաշինյանին» հանրաքվեի։ Հենց սա է Պուտինի պահանջի ամենավտանգավոր կողմը։

Ռուսաստանը կարող է փորձել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը դարձնել ներքաղաքական իշխանության ընտրություն։ Իսկ այդ դեպքում հունիսի 7-ի ընտրությունը, որով ժողովուրդն արդեն լեգիտիմ ճանապարհով որոշել է իշխանության հարցը, փաստացի կփորձեն դարձնել ոչ վերջնական ու ոչ լեգիտիմ։

Ուստի խնդիրը միայն այն չէ, թե Հայաստանը ԵՄ-ի՞, թե՞ ԵԱՏՄ-ի ճանապարհն է ընտրելու։

Խնդիրն այն է՝ Ռուսաստանը հանրաքվե է պահանջում Հայաստանի եվրոպական կողմնորոշումը որոշելու՞ համար, թե՞ փորձում է այդ հանրաքվեի միջոցով ընտրություններից հետո նորից սեղանին դնել Հայաստանի իշխանության հարցը։ Եթե երկրորդն է, ապա ԵՄ–ԵԱՏՄ հանրաքվեն ընդամենը արտաքին քաղաքական փաթեթավորում է։ Իրական բովանդակությունը լինելու է իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեն։ Եվ այդ դեպքում Պուտինի պահանջը արդեն ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության, այլ Հայաստանի ներքաղաքական իշխանության մասին է։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

17 Օգոստոս, 2026 14:26
Վեր