Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Saté-Âtre (Սաթէ–Աթղը) ֆրանսիական թատերական ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Saté-Âtre ֆրանսիական թատերական ընկերության տնօրեն Սաթենիկ (Սաթէ) Խաչատրյանը:
Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը, մասնավորապես՝ հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հիշատակել է նախորդիվ համատեղ մի շարք կարևոր նախագծերի հաջող իրականացումը՝ հատկապես ընդգծելով ֆրանս-հայկական «Նռան գույնը» բեմադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթէ Խաչատրյան): Նա կարևորել է համագործակցության արդեն իսկ առկա հիմքերը՝ հույս հայտնելով, որ դրանք առավել կամրապնդվեն հուշագրում ամրագրված բոլոր կետերի իրականացմամբ:
Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի ընկերությանը համատեղ նախագծերի իրականացման ինստիտուցիոնալ մակարդակում, կնպաստի միջազգային և հանրապետական գործընկերների ներգրավմանը և այլն: Saté-Âtre ընկերությունն իր հերթին պարտավորվում է իրականացնել նախագծերի ստեղծագործական, պրոդյուսերական և կազմակերպական ամբողջ գործընթացը, նպաստել նախագծերի միջազգային տարածմանը հատկապես Ֆրանսիայում, մշակել նոր նախագծեր՝ հիմք ընդունելով նախարարության առաջնահերթությունները և մշակութային ռազմավարությունը:
Նախատեսվում է համատեղ ստեղծել համագործակցության ծրագրեր ֆրանս-հայկական մշակութային փոխանակման նպատակով, զարգացնել կրթական ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար, անցկացնել վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ, քննարկումներ, փառատոներ և այլն:
ԿԳՄՍ նախարարության և Saté-Âtre ֆրանսիական թատերական ընկերության համագործակցությամբ իրականացվել են «Քոչար 360°» պարային ներկայացումը՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթե Խաչատրյան) և «Մանուշյանական շաբաթ» նախագիծը՝ Արտաշատի թատրոնում։


