Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը կարևոր նվաճումներ կբերեն Հարավային Կովկասին։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։
«Թուրքիան ձգտում է ամրապնդել խաղաղությունը, անդորրը և բարգավաճումը տարածաշրջանում։ Հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր նվաճումներ կբերի ինչպես երկու երկրի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Յումաքլըն։
Թուրք պաշտոնյան նշել է, որ 2022 թվականի հունվարին սկսված հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026 թվականի մարտին՝ Turkish Airlines-ի ավիաընկերության չվերթերի մեկնարկով։
Յումաքլըի խոսքով՝ Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումները շարունակվում են՝ այս գործընթացը բարձրագույն մակարդակի հասցնելու նպատակով։

