Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք, վերահաստատելով մեր հանձնառությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի արդյունավետ իրականացմանը, պարտավորվում ենք կատարել դրա առանցքային խնդիրը՝ մինչև 2030 թվականը կասեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորստի գործընթացը, որպեսզի մինչև 2050 թվականը հասնենք գլխավոր նպատակին՝ ապրել բնության հետ ներդաշնակ։ Դրա մասին ասվում է Երևանի հռչակագրում, որն ընդունել են Leaders for Nature Summit գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարները՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ միասին։
Հռչակագրի տեքստը «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին ընթերցել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այս ծրագրի իրականացման վերաբերյալ առաջին գլոբալ զեկույցը վկայում է հավաքական ջանքերի և արձանագրված առաջընթացի անբավարարության մասին։ Կա ծրագրի իրականացումն արագացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչը պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում, գործնական միջոցների ուժեղացում և իրականացման մեխանիզմների կատարելագործում։
Ընդունելով, որ ծրագրի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայումն արժեքավոր հնարավորություն է տալիս բացահայտել բացերը, ամրապնդել փորձի փոխանակումը և ճշգրտել մեր ընդհանուր ջանքերը՝ սահմանված նպատակներին և խնդիրներին լիարժեք հասնելու համար, մենք հայտնում ենք ստանձնած պարտավորությունները բոլոր մակարդակներում երկարաժամկետ արդյունք բերող կոնկրետ գործողությունների վերածելու մեր հաստատուն վճռականությունը։
Մենք պարտավորվում ենք ազգային մակարդակում ամրապնդել ծրագրի իրականացումը՝ կիրառելով բոլոր պետական կառույցների և ամբողջ հասարակության մասնակցությամբ համալիր մոտեցումներ, ներառյալ ինտեգրված պլանավորումը, արդյունավետ բնապահպանական կառավարումը և հետևողական քաղաքական ղեկավարումը։ Պարտավորվում ենք կատարելագործել ցամաքային, քաղցրահամ ջրային, առափնյա և ծովային էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կառավարման և կայուն օգտագործման միջոցները՝ աստիճանաբար բարձրացնելով մեր հավակնությունների մակարդակը և արագացնելով գործողությունները այնտեղ, որտեղ հավաքական առաջընթացը շարունակում է մնալ անբավարար։
Կարևոր է կենսաբազմազանության պահպանության հարցերի ինտեգրումը պետական քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտների մեջ, ինչպես նաև քաղաքականությունների համաձայնեցվածության ապահովումը՝ ի աջակցություն մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգի՝ հաշվի առնելով ազգային պայմանները, առաջնահերթությունները և հնարավորությունները։
Հռչակագրի մասնակիցներն ընդգծում են կենսաբազմազանության պահպանության համար բոլոր աղբյուրներից ֆինանսական միջոցների մոբիլիզացման և դրանց ծավալի մեծացման անհրաժեշտությունը։
Ստանձնվում են պարտավորություններ՝ կատարելագործելու մոնիտորինգի, պլանավորման, հաշվետվության և վերլուծության գործընթացները, բարելավելու կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների ու գիտելիքների հավաքագրման համակարգերը, ինչպես նաև նպաստելու գիտական հիմքի վրա որոշումների ընդունմանը։
Ընդգծվում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդության, քաղաքների և այլ տեղական վարչակազմերի, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական շրջանակների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակներին և խնդիրներին հասնելու գործում։ Դրվում է խնդիր՝ խրախուսել և խթանել կայուն արտադրության և սպառման մոդելներ, որոնք նպաստում են կենսաբազմազանության կորստի գործընթացի դադարեցմանը և հակադարձմանը տնտեսության և ֆինանսների բոլոր ոլորտներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գենետիկական ռեսուրսների մասին թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումն ապահովելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ ներառյալ բազմակողմ մեխանիզմի միջոցով, որը ներառում է համապատասխան հիմնադրամ։
Մենք ընդգծում ենք կոնկրետ, արդյունքին միտված պայմանավորվածությունների ձեռքբերման անհրաժեշտությունը, որոնք արդեն շրջանակային ծրագրի իրականացման առաջին փուլում կսահմանեն գործողությունների հստակ ծրագիր՝ նպաստելով առաջադրված բոլոր 23 նպատակների կատարմանը։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի մասնակիցներին իրենց քննարկումների ընթացքում և վերջնական որոշումների ընդունման ժամանակ հաշվի առնել սույն հռչակագրում ամրագրված քաղաքական տեսլականն ու պարտավորությունները։
Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Սակայն այս խնդրի լուծումը բացում է աննախադեպ հնարավորություններ՝ վերափոխելու մարդկության հարաբերությունները բնության հետ և կառուցելու ավելի կայուն, դիմակայուն և արդար ապագա։ Դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ կոչ անելով ստանձնած պարտավորությունները վերածել կոնկրետ գործերի, ամրապնդել գործընկերային կապերը և արագացնել նախանշված ծրագրերի իրականացումը։ Միայն այդպես կկարողանանք ապահովել երկարաժամկետ արդյունքներ, որոնք օգուտ կբերեն մարդկանց, ամբողջ մոլորակին և կնպաստեն համընդհանուր բարգավաճմանը»,- նշվում է հռչակագրում


