Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանն իսկապես պատիվ ունի այս հարգարժան հավաքույթը հյուրընկալելու: Թույլ տվեք ևս մեկ անգամ նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը հնարավոր է դարձրել այս գագաթնաժողովի անցկացումը: Այդ մասին առաջնորդների գագաթնաժողովին ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Մեր քննարկումների ընթացքում մեր ուղերձը հստակ էր. կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն: Վերջինս պետք է վերածվի կոնկրետ գործողությունների: Սա է եղել առաջնորդների գագաթնաժողովի նպատակը: COP17-ը որպես այդպիսին հնարավորություն կստեղծի ամրապնդելու քաղաքական հանձնառությունը, կստեղծի ռազմավարական ուղղություն և կաջակցի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Մեր առաջադրանքն է արագացնել իրականացման գործընթացը, վստահ լինել, որ հանձնառությունները վերածվում են չափելի արդյունքների:
Հոկտեմբերի 18-ին COP17-ը պաշտոնապես կմեկնարկի Երևանում: Համաժողովն անդրադառնալու է այնպիսի հարցերի, որոնք վճռական նշանակություն ունեն կենսաբազմազանության գլոբալ խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում՝ ֆինանսների, մշտադիտարկման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների օգտագործման, համագործակցության և ավելի լավ ապագայի ապահովման հարցերին: Մասնավորապես, հաշվի կառնենք գլոբալ ուսումնասիրությունը՝ հավաքական առաջընթացի խթանման տեսանկյունից:
Այսօր մենք այստեղ հավաքվել ենք՝ հանուն բնության առաջնորդների: Մեր պատասխանատվությունն է այս ոգին տանել COP17-ից անդին՝ COP17-ի շրջանակում ամբողջ աշխարհի առջև հանդես գալով հստակ ուղերձով. քաղաքական հանձնառությունը պետք է համաչափ լինի գործողությանը, իսկ գործողությունը պետք է ապահովի արդյունք»,- նշեց նա:
ՇՄ նախարարը ներկայացրեց Երևանյան հռչակագիրը՝ «Գործողություններ հանուն բնության», որը ներառում է գագաթնաժողովի քաղաքական ուղերձը, վերահաստատում ընդհանուր հանձնառությունը, վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և ձևավորելու հավակնություններ:
«Մենք՝ պետությունների առաջնորդներս և կառավարություններս, մասնակցելով բնության գագաթնաժողովին՝ միջազգային կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, երիտասարդների, կանանց, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, գիտական համայնքի և այլ շահակիցների ներկայացուցիչների հետ, հավաքվել ենք Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի շրջանակում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ կենսաբանական բազմազանությունը և էկոհամակարգերը գործում են այնպես, որ ստեղծում են հիմքեր այս մոլորակի վրա կյանքի համար, ապահովում առողջ և դիմակայուն ցամաքային, ծովային, ջրային և առափնյա էկոհամակարգեր, այդ թվում՝ սառցադաշտեր, օվկիանոսներ և լեռնային էկոհամակարգեր, երաշխավորում պարենային անվտանգություն, կլիմայի նկատմամբ դիմակայունություն, կայուն զարգացում, մարդու առողջություն, մշակութային ժառանգություն, տնտեսական բարգավաճում, խաղաղություն և բարեկեցություն, ինչպես նաև կենսակերպ՝ ներկա և ապագա սերունդների համար:
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի իրականացման նկատմամբ՝ ապահովելով Կունմինգ-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումը և շրջանակի առաքելության կատարումը, որը միտված է մինչև 2050 թվականը կենսաբանական բազմազանության կորստի կասեցմանը, դադարեցմանը և կենսաբանական բազմազանության վերականգնմանը:
Ողջունում ենք կենսաբանական բազմազանության պահպանության ուղղությամբ գլոբալ մոբիլիզացիոն քայլերը: Ընդգծում ենք ներկայացված զեկույցի կարևորությունը, որը ցույց է տալիս, որ հավաքական ջանքերն ու առաջընթացն ապահովում են արդյունավետություն, և այդ արդյունավետությամբ պայմանավորված՝ կոչ ենք անում բոլոր պետություններին ընդլայնել համագործակցությունն ու ամրապնդել գործողությունները՝ երաշխավորելով միջոցառումների իրականացումը»,- մասնավորապես ասված է հռչակագրում:


