Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Սևակ Սարմենի Միքայելյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին։
Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար: Նա ներկայացրել է իր դիտարկումներն ու տեսլականը ԿԲ հիմնական նպատակների մասին, նշել վերջին տարիների ԿԲ ձեռքբերումները և անդրադարձել այն երեք հիմնական ուղղություններին, որոնց մասով, ընտրվելու պարագայում, տեսնում է իր ներդրումն ու օրակարգի առաջմղումը որպես ԿԲ խորհրդի անդամ:
Սևակ Միքայելյանը կարևորել է երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացման, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության և ընդհանրապես մակրոտնտեսական կայունության ու տնտեսական աճի ապահովումը՝ նշելով, որ ԿԲ-ն վերջին տարիներին ձևավորել է ուժեղ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ են տվել առաջանցիկ արդյունքներ գրանցել։ Նա խոսել է դրամավարկային կայունության ապահովման համակարգի ներդրման մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը։
Թեկնածուն առանձնացրել է կապիտալի և ապահովագրական շուկաների զարգացման հարցը՝ արձանագրելով դրանց զգալի դրական դինամիկան: Սևակ Միքայելյանն անդրադարձել է տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանն ու ֆինանսական անվտանգությանը՝ որպես առաջնահերթություն շեշտադրելով ֆինանսական խարդախությունների դեմ պայքարը՝ նշելով, որ այս երևույթի նկատմամբ պետք է ցուցաբերել համակարգային ու հայեցակարգային մոտեցում։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով կապիտալի շուկայի զարգացմանը, արհեստական բանականության հնարավոր ինտեգրացիաներին, ՀՀ գլխավոր մակրոտնտեսական ռիսկերին, ներդրողների շահերի պաշտպանությանը։
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Սևակ Միքայելյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին:


