Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը փակելու է օրենսդրական բոլոր այն բացերը որոնք բռնարարին հնարավորություն են տվել խուսափել պատասխանատվությունից կամ արժանանալու ավելի մեղմ պատասխանատվության: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նման հնարավորություները ըստ էության, դուրս են բերվում օրենքից:
Նախարարը հիշեցրեց, որ օրենսդրական այս նախաձեռնությունը մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնված ընտանեկան բռնության դեմ արշավի շրջանակներում:
«Ուզում եմ փաստել, որ նախագիծը ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է տարբեր նախագծերի, որոնք բովանդակային առումով փոփոխություն կբերեն ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում: Կատարվող կարևոր փոփոխությունը վերաբերվում է հանրային մեղադրանքին, որովհետև տուժողի բողոքը, դատախազի լայն հայեցողությունը, գործուն զղջալու ինստիտուտների բացառությունների բացակայությունը, հաշտվելու ինստիտուտների բացառությունների բացակայությունը թույլ չեն տալիս ամբողջ ծավալով իրականացնել քննույթունը և բացահայտել բռնարարին»,-ասաց նախարարը:
Նա նաև կարևորեց, որ նախագծով անդրադարձ է կատարվել բռնարարների վարքագծային փոփոխություններին:
«Տարիներ շարունակ կենտրոնացած ենք եղել հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, սակայն կարևոր է, որ ընդհանուր ցիկլում անդրադառնանք բռնարարներին և իրենց հետ կապված աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում մնան»,-ասաց Սարգսյանը:
ՆԳՆ նախարարը նաև ներկայացրեց վերջին շրջանի վիճակագրությունը՝ ընդգծելով. «Վիճակագրության հետևում կյանքեր, առողջության հետ կապ ունեցող դեպքեր, խեղումներ են»:
Ըստ ներկայացրած տվյալների 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո բռնության դեպքերի թիվը եղել է 93-ը, անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշումից հետո բռնության կիրառման դեպքերը եղել են 316-ը: Իսկ ՆԳՆ ոստիկանության կողմից նույն անձանց կողմից երկրորդ և ավելի անգամ բռնության արձանագրման դեպքերը 2025 թվականին եղել է 343-ը, 2026 թվականի առաջին կիսամյակում եղել է 230-ը:
«Ունենք խնդիր թե իրավակիրառ պրակտիկայում, թե օրենսդրական դաշտում: Օրենսդրական դաշտի խնդիրները պակաս կարևոր չեն այն տեսանկյունից, որ իրավակիրառ պրակտիկայի խնդիրները գան լուծվելու և ավելի լավ պատկեր ունենանք»,-հավելեց Սարգսյանը:


