Լեզուն կտրելու, մորթելու սպառնալիքներ և ծաղիկներ՝ ծեծից հետո․ միֆեր և  իրականություն՝ ընտանիքների փակ դռների հետևում Zarkerak - Լեզուն կտրելու, մորթելու սպառնալիքներ և ծաղիկներ՝ ծեծից հետո․ միֆեր և իրականություն՝ ընտանիքների փակ դռների հետևում
Zarkerak Zarkerak - Լեզուն կտրելու, մորթելու սպառնալիքներ և ծաղիկներ՝ ծեծից հետո․ միֆեր և իրականություն՝ ընտանիքների փակ դռների հետևում
Լեզուն կտրելու, մորթելու սպառնալիքներ և ծաղիկներ՝ ծեծից հետո․ միֆեր և  իրականություն՝ ընտանիքների փակ դռների հետևում

Լեզուն կտրելու, մորթելու սպառնալիքներ և ծաղիկներ՝ ծեծից հետո․ միֆեր և իրականություն՝ ընտանիքների փակ դռների հետևում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընտանեկան բռնության հետևանքով այս տարի մահացել է 2, 2025թ.-ին՝ 8, 2024 թվականին՝ 8 անձ։ Ընտանեկան բռնության դեպքերի աճող թվերում թաքնված են իրական պատմություններ։ 

Լեզուն ու մատները կտրելու սպառնալիքից՝ մինչև երեխաների աչքից հեռու մորթել

31-ամյա կինը՝ բարձրագույն կրթությամբ, Երևանից ամուսնացել է գյուղ իրենից մեկ տարի փոքր տղայի հետ. «Սկեսուրս և ամուսինս 3-4 տարի ինձ ենթարկել են ֆիզիկական բռնության, սկեսրայրս և տալս՝ հոգեբանական։ Ամենից շատ պատասխանատվություն զգում էի երկու մանկահասակ երեխաներիս համար»,-Zarkerak.am-ին պատմում է կինը, ում անունը, իր անվտանգությունից ելնելով, չենք նշում։ 

«Երկրորդ երեխայով հղի էի, ամուսինս հարվածեց, մահճակալից ընկա, ստիպում էին ֆիզիկական ծանր աշխատանք անել, չէին տանում բժշկի։ Ցավից այնքան էի գոռում, որ ձայնս չլսելու համար տարան հիվանդանոց ու պարզվեց, որ անգամ կյանքիս վտանգ էր սպառնում։ Երկրորդ երեխայից հետո այդ բռնությունն ավելի սրվեց»,-ասում է նա և նշում, որ ամեն ինչ միանգամից չի սկսվել, սիրելով ամուսնացել է, սկզբում ամեն ինչ հարթ է եղել։

«Վեճերը կենցաղային հարցերի շուրջ էին, ամուսինս ասում էր՝ երեխաների աչքից հեռու տանելու եմ մորթեմ: Մի քանի անգամ երեխաներին էլ է ապտակել, ականջները քաշել: Ամուսինս փորձել է խեղդել, սպառնացել՝ իմ ձեռքով ես մահանալու»,-նշում է նա։

Արգելել են կապի դուրս գալ ինչ-որ մեկի հետ, հեռախոսն են վերցրել․ «Սկեսուրս ինձ ծեծում էր, ամուսինս չէր միջամտում:  Պատճառաբանում էին, որ նորմալ է, երբ սկեսուրը ծեծում է հարսին։ Ավելի շատ սկեսուրս ու սկեսրայրս էին նախկին ամուսնուս տրամադրում իմ դեմ, ասում էին՝ պետք է կնոջդ այնպես ծեծես, որ չկարողանա մեկ-երկու բառ խոսել»,-ասում է նա։

Կնոջ ծնողները, թեև երկրում չեն եղել, սակայն աջակցել են, ասել են՝ երբ ուզում ես հետ արի, բայց, մտածելով պահել ընտանիքը, նա նորից շանս է տվել ամուսնուն.  «Ամուսինս խփում էր, հետո մի քանի ժամից ծաղիկներով գալիս: Ինձնից ժամանակ է պահանջվել, որ հեռանալու որոշում կայացնեմ»։

Կնոջ համբերության բաժակը լցվել է վերջին դեպքի ժամանակ, որից հետո վերջակետ է դրել այդ հարաբերություններին.

«Այդտեղ ես մահացա: Ամուսինս ուզում էր դանակով մատներս ու լեզուս կտրել, տարավ հյուրասենյակ, ես օգնություն էի կանչում, 3 տարեկան երեխաս կապտած, լացելով եկավ, ամուսինս սթափվեց ու ինձ բաց թողեց։ Ես զանգեցի եղբորս ու տեղափոխվեցի նրա տուն: Դրանից մի քանի օր հետո ամուսինս եկավ երեխաներին տեսնելու ու առևանգեց, ես միայն այդ դեպքում դիմեցի իրավապահ մարմիններին և երեխաներին հետ վերադարձրին։ Հիմա նորից վերակենդանացել եմ»,-պատմում է նա։

Նրա խոսքով՝ երբևէ շրջապատի կարծիքը հաշվի չի առել, պարզապես ձգտել է ընտանիքը փրկել.  «Շրջապատի մարդիկ տեսնում էին, բայց կույր ու խուլ էին ձևանում, ոչ ոք չէր միջամտում, արհամարհում էին։ Ես տանից օնլայն աշխատում էի, բայց ամուսնուս քարտին էր գումարները նստում: Փաստաթղթերս էին ինձնից թաքցրել: Հիմա դեռ քննություն է ընթանում, պաշտոնապես ամուսնալուծված չեմ։ Ոստիկանություն, քննչական դիմելու ժամանակ էլ ամուսինս ծանոթ խառնեց, քննիչը կողմնակալ եղավ ու ինձ մեղադրյալ ճանաչեց: Իմ հաղորդում տալուց հետո, սկեսուրս ու ամուսինս են հաղորդում ներկայացրել, որ ես եմ իրենց վնասել, ճանկռել, սակայն դա եղել է այն ժամանակ, երբ փորձել եմ ինքնապաշտպանվել: Դատախազն է ինձ տուժող ճանաչել: Իրավապահ մարմիններում այնքան բաց կա, որ հիմա ես բացի իմ ապրածը, անցնում եմ այս քաշքշուկի միջով: Իրենք այդքան էլ լավ չեն տիրապետում օրենքին ու այստեղ տուժում է բռնության ենթարկված կինը»,-ասում է նա և նշում, որ երեխաների խնամակալության հարցով հավասար իրավունքներ են տվել։

Այրել, շնչահեղձ անել, մեկուսացնել. աջակցման կենտրոններն ու կանանց քաջության բարձրացումը

«Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Մարո Մաթոսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է, որ այրելուց, շնչահեղձ անելուց, մինչև հղի ժամանակ փորին հարվածելու դաժան դեպքեր են եղել. «Ունեցել ենք դեպքեր, որ բռնարարը մեկուսացրել է և փորձել է սովամահ անել, հարևանները պատուհանից ուտելիք են տվել զոհին»:

Մաթոսյանի խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ շրջապատի կողմից կա անտարբերություն. «Մտածում են՝ իրենց գործը չէ կամ ամոթ է խառնվել ուրիշի ընտանեկան հարցերին, լինում են դեպքեր, երբ նույնիսկ հարևաններն են բողոքում, բայց զոհն է ասում, որ նման բան չի եղել՝ վախենալով հետևանքներից: Օրինակ՝ դու բռնության ականատես ես ու զանգում ես ոստիկանություն, նրանք գալիս են, բայց դու  ցանկության դեպքում անանուն կերպով չես կարող այդ հաղորդումը ներկայացնել, հետո սկսվում է քաշքշուկ, շատերը նաև այս պատճառով են խուսափում»:

Անդրադառնալով մարզերում ընտանեկան բռնության դեպքերին՝ Մաթոսյանն ասում է. «Գյուղերում կա բարեկամության հարց, կարող է օրինակ՝ ոստիկանը լինել այդ ընտանիքի հարազատը և փակել այդ հարցը, բռնության ենթարկվողն էլ գիտի այդ մասին և չի կարող դիմել:  Նաև ամոթի խնդիրն է, կինը հաճախ մտածում է, թե ուր պետք է գնա, շատ դեպքերում անգամ հայրական տունը չի ընդունում զոհին, որովհետև մտածում է, որ ամուսնու սեփականությունն է և ամոթ է, որ հետ վերադառնա»:

Ըստ Մարո Մաթոսյանի՝ շատ դեպքերում դժվար է քայլ անելը. «Յուրաքանչյուր մարդու համար անորոշությունը շատ դժվար է, այդ վիճակում երեխաների հետ ուր ես գնալու, բայց դրա համար աջակցման կենտրոնները գոյություն ունեն, որ օգնեն զոհին դուրս գալ այդ իրավիճակից: Ֆինանսական կախվածության դեպքեր կան, բայց շատ դեպքերում ընտանիքներն աղքատ են, նույնիսկ կանայք կան, որ ամուսինները հարբեցող են, կանայք են գումար տալիս նրանց, բայց էլի դժվար են բարձրաձայնում, որովհետև բռնարարն իրենց հոգեբանական բռնության միջոցով ճնշում է: Կանայք երբեմն այնքան տրավմատիզացված են, որ չեն կարողանում որոշումներ կայացնել, որովհետև իրենց միշտ ասվել է՝ դու ոչինչ ես առանց ինձ, ոչ ոք քեզ չի նայելու»:

Խոսելով նման միջավայրում երեխա մեծացնելու մասին՝ Մաթոսյանը նշում է. «Դա միֆ է, որ երեխան պետք է մեծանա հոր ու մոր հետ, շատ ընտանիքներ կան, որ մի ծնողը կամ տատիկը կարող է մեծացնել երեխային և ավելի առողջ կերպով, որովհետև երեխան կարող է զարգանալ և առողջ լինել այն ժամանակ, երբ ընտանիքում սեր կա: Երբ երեխան տեսնում է և՛ բռնություն, և՛ սեր, չի հասկանում՝ առողջ հարաբերությունն ինչ է: Դրա համար տղաների մեծամասնությունը դառնում է բռնարար, աղջիկներն էլ մտնում են այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ տղամարդն իշխողն է»:

Ըստ մեր զրուցակցի՝ անգործությունը, կախվածությունը, խաղամոլությունը, պատերազմից հետո տրավմաները դրդող հանգամանքներ են. «Շատ անգամ լսում ենք, կանայք ասում են՝ ամուսինս լավն է, բայց երբ ծեծում է, այդ ժամանակ լավը չէ, բայց հետո հասկանում ենք, որ երբ ինքը սթափ է, նորից ուժ է կիրառում: Ընտանեկան բռնության պատճառը գենդերային անհավասարությունն է, երբ մեկը մյուսի վրա ուժ ու վերահսկողություն է օգտագործում»:

Լռություն, անտարբերություն, ընդհուպ՝ մահ

«Կանանց աջակցման կենտրոն»-ի ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանն էլ նշում է, որ նախկինում ընտանեկան բռնությունը 4 պատի արանքում էր տեղի ունենում, շատերն ամաչում էին, մտածում էին, որ նորմալ է, բայց վերջին տարիներին իրազեկման արդյունքում սկսել են ավելի շատ բարձրաձայնել. «Այս առումով առաջին տիկնոջ նախաձեռնած արշավը միայն կարելի է ողջունել (Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ, որի նպատակն է կանխարգելել բռնությունն ընտանիքում: Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ Հակոբյանի, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է)»:

Աննա Սաֆարյանի խոսքով՝ իրավապահ մարմինների արձագանքն էլ է փոխվել, ինչը նպաստում է, որ կինն ավելի համարձակ լինի, բարձրաձայնի ու տեր կանգնի իր իրավունքներին, պաշտպանի իրեն ու իր երեխաներին:

«Կարող են լինել թեթև կենացաղային վեճեր, բայց երբ կինը  զգում է, որ իր իրավունքը ոտնահարվում է կամ  բռնություն է կիրառվում, երբ դիմում է իրավապահ մարմիններին, նրանք կարողանան ճիշտ գնահատել երևույթը: Ընտանեկան բռնությունը մեկ օրում ի հայտ չի գալիս, հիմնականում հենց լռությունն է բերում դրա շարունակականությանը, երբ տեսնում են՝ անպատժելիություն կա, բնականաբար դա նպաստում է, որ բռնարարի մոտ այդ վարքն ամրապնդվի»,-ասում է նա:

Նրա խոսքով՝ հիմնականում գերակշռում են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը. «Երեխաների իրավունքի մասին օրենքում փոփոխություն է տեղի ունեցել. այն երեխաները, որոնք  նույնիսկ տանը ներկա են լինում, համարվում են ընտանեկան բռնության ենթարկված երեխաներ»:

Հարցին, թե արդյոք ինչ-որ երևույթի առկայությունը կարող է արդարացում համարվել ընտանեկան բռնության համար՝ Սաֆարյանը նշում է. «Ընտանեկան բռնությունը որևէ արդարացում չունի, շատերն այդ պահվածքը վերագրում են հոգեկան առողջության խնդիրներին, խմած լինելուն, կախվածություններին, դրանք միայն արտաքին ազդակներ են, որոնք նպաստում են այդ պահին դիտավորությունն առաջ բերելուն: Ընտանեկան բռնությունը կրթական ցենզ, պաշտոնական դիրք չի ճանաչում, դա կարող է տեղի ունենալ ցանկացածի ընտանիքում»:

Սաֆարյանի խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ աչք փակելը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան. «Հաճախ հարևանի տանն ենք լսում այդ ձայները, մտածում ենք՝ մեր գործը չի, չպիտի խառնվենք, բայց իրականում դա հասցնում է ցավալի իրավիճակի»:

Տարիների ընթացքում աճել, թե՞ նվազել են ընտանեկան բռնության դեպքերը. վիճակագրություն և կոչ՝ ՆԳՆ-ից

Ըստ ՆԳՆ-ի՝ հասարակության շրջանում դեռևս պահպանվում է այն կարծրատիպը, թե ընտանիքում տեղի ունեցող բռնությունը ներքին խնդիր է, որին չպետք է միջամտել. «Ընտանեկան բռնությունը չպետք է դիտարկվի որպես միայն տվյալ ընտանիքին վերաբերող խնդիր։ Կարևոր է գիտակցել, որ անտարբերությունը կարող է բռնությունը շարունակվելու հնարավորություն տալ, մինչդեռ իրավապահ մարմիններին ժամանակին ահազանգելը կարող է կանխել բռնության հետագա դրսևորումները և դրա ծանր հետևանքները։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և բռնության դեպքի մասին տեղեկանալիս տեղեկացնի իրավասու մարմիններին»,- նշում են կառույցից:

Այսպիսով՝ ՆԳՆ-ի տրամադրած տվյալներով՝ 2024 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ ստացվել է 2255 հաղորդում, բռնության է ենթարկվել իգական սեռի 1 506 անձ և 98 անչափահաս, 2025 թվականին՝ 2 537 դեպք, որից 1 411-ը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, բռնության է ենթարկվել 195 անչափահաս։ 2026 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 1 385 դեպք, որից 796-ը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, բռնության է ենթարկվել 109 անչափահաս։

2024 թվականին եղել է ֆիզիկական բռնության՝ 1455, հոգեբանական բռնության՝ 275 և սեռական բռնության՝ 18 դեպք։ 2025 թվականին ֆիզիկական բռնության՝ 1 821 (2026 թվականի առաջին 6 ամիսներին՝ 886), հոգեբանական բռնության՝ 685 (2026 թվականի առաջին 6 ամիսներին՝ 457), սեռական բռնության՝ 13 դեպք (2026 թվականի առաջին 6 ամիսներին՝ 10)։

2025 թվականին Երևանում արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1 001, իսկ մարզերում՝ 1 536 դեպք։ 2026 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Երևանում արձանագրվել է 536, իսկ մարզերում՝ 847 դեպք։

2024 թվականին ստացվել է Արարատի մարզում՝ 259, Լոռու մարզում՝ 212 և Արմավիրի մարզում՝ 145 հաղորդում, 2025 թվականին՝ Արարատում՝ 324, Լոռիում՝ 264 և Արմավիրում՝ 221 հաղորդում, 2026 թվականի առաջին կիսամյակում՝ Արարատում՝ 191, Արմավիրում՝ 147 և Լոռիում՝ 121 հաղորդում։

2025 թվականին քննվել է ընտանեկան բռնության 1 723 քրեական վարույթ։ 2026 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում 814 քրեական վարույթ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դիմում ստանալու դեպքում օրենքը նախատեսում է ոստիկանության կողմից կիրառվող երկու պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և անհետաձգելի միջամտության որոշում։ Անհետաձգելի միջամտության որոշման դեպքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են կիրառվել 20-25 օր ժամկետով սահմանափակումներ, օրինակ՝ հարկադրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության տարածքից և արգելել նրա վերադարձն այնտեղ՝ մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը, արգելել այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկված անձին, որը նրա մեջ հիմնավոր վախ կհարուցի, արգելել հեռախոսային կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել բռնության ենթարկված անձի հետ և այլն: Անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,-նշում են կառույցից:

Ըստ ՆԳՆ-ի՝ արձանագրվում են ընտանեկան և կենցաղային բռնության կրկնման դեպքեր. «Ընտանեկան բռնության դեպքերի արձանագրման աճը վկայում է նաև ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման մասին։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի հիմքում իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու տուժած անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործումն են։ Նպատակն է ապահովել համարժեք և ժամանակին արձագանք, պատասխանատվության անխուսափելիություն ու կանխել բռնության կրկնությունը։ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը համատեղ պատասխանատվություն է, որում իրենց դերն ունեն թե՛ պետական կառույցները, թե՛ հասարակության յուրաքանչյուր անդամ»:

Հոդվածը՝ տեսանյութով.

Աննա Բզնունի

28 Հոկտեմբեր, 2026 12:01
Վեր