TRIPP-ի դեմ քվեարկությամբ ընդդիմությունը կրկին սպասարկեց Մոսկվայի շահերը Zarkerak - TRIPP-ի դեմ քվեարկությամբ ընդդիմությունը կրկին սպասարկեց Մոսկվայի շահերը
Zarkerak Zarkerak - TRIPP-ի դեմ քվեարկությամբ ընդդիմությունը կրկին սպասարկեց Մոսկվայի շահերը
TRIPP-ի դեմ քվեարկությամբ ընդդիմությունը կրկին սպասարկեց Մոսկվայի շահերը

TRIPP-ի դեմ քվեարկությամբ ընդդիմությունը կրկին սպասարկեց Մոսկվայի շահերը

Ազգային ժողովում TRIPP համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկելով՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները հերթական անգամ բացահայտեցին իրենց քաղաքական առաջնահերթությունները։ Երբ Հայաստանը փորձում է առաջ շարժվել, զարգացնել տարածաշրջանային կապերը և խաղաղության համար ստեղծել գործնական հիմքեր, ընդդիմությունը կրկին ընտրում է դիմադրության ճանապարհը։ Եվ այդ դիմադրության հետևում չափազանց տեսանելի է Ռուսաստանի շահերի գործոնը։

TRIPP-ը պարզապես տրանսպորտային կամ տնտեսական նախագիծ չէ։ Այն նաև տարածաշրջանում ազդեցության վերաբաշխման գործընթացի մաս է։ Հայաստանի համար այն հնարավորություն է՝ ընդլայնելու իր տնտեսական ու հաղորդակցային կապերը և նվազեցնելու այն կախվածությունները, որոնք տարիներ շարունակ սահմանափակել են երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները։

Հենց սա է խնդիրը Մոսկվայի համար։ Եթե Հայաստանը կարողանա զարգացնել նոր հաղորդակցություններ, ներգրավել միջազգային գործընկերների և սեփական շահերից ելնելով որոշել իր զարգացման ուղին, ապա տարածաշրջանում Ռուսաստանի՝ ավանդական ազդեցության լծակները կթուլանան։ Ուստի TRIPP-ի նկատմամբ ռուսական դժգոհությունը տեղավորվում է ազդեցության համար պայքարի ավելի լայն տրամաբանության մեջ։

Եվ այս իրավիճակում ի՞նչ է անում հայաստանյան ընդդիմությունը։ Փոխանակ հանրությանը ներկայացնելու Հայաստանի շահերից բխող իրատեսական այլընտրանք՝ դեմ է քվեարկում նախագծին, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկրի համար։ Արդյունքում նրա դիրքորոշումը համընկնում է այն ուժերի շահերի հետ, որոնք չեն ցանկանում տեսնել տարածաշրջանում նոր ձևաչափեր՝ առանց Ռուսաստանի վճռորոշ վերահսկողության։

Սա պատահական քաղաքական համընկնո՞ւմ է, թե՞ գիտակցված ընտրություն։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է։  

Միայն իշխանությանը քննադատելը բավարար չէ․ անհրաժեշտ է բացատրել, թե ինչու է Հայաստանի զարգացման հնարավորությունների դեմ քվեարկությունը բխում հենց Հայաստանի շահերից։

Ավելի մտահոգիչ է ընդդիմության առաջ մղած քաղաքական տրամաբանությունը, որի շրջանակում Ռուսաստանը հաճախ ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր։ Բայց ո՞ր երաշխավորի մասին է խոսքը։ Այն երկրի՞, որի գլխավորած ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ճգնաժամային պահերին չապահովեց ակնկալվող պաշտպանությունը, թե՞ այն ուժային կենտրոնի, որի հետ հարաբերությունները տարիներ շարունակ կառուցվել են անհավասար կախվածությունների պայմաններում։

Հայաստանին պետք չեն երաշխավորներ, որոնք սեփական ազդեցությունն ամրապնդելու դիմաց պահանջում են քաղաքական ենթակայություն։ Հայաստանին պետք են գործընկերներ, որոնց հետ հնարավոր է կառուցել փոխշահավետ հարաբերություններ՝ առանց սեփական ինքնիշխանությունը զիջելու։

Եվ երբ ընդդիմությունը TRIPP-ի նման նախագծերի դեմ պայքարում է՝ միաժամանակ Ռուսաստանին ներկայացնելով որպես անփոխարինելի երաշխավոր, հանրությունն իրավունք ունի կասկածի տակ դնելու այդ քաղաքականության իրական նպատակը։ Արդյո՞ք խոսքը Հայաստանի անվտանգության մասին է, թե՞ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կրկին Մոսկվայի վերահսկողության տակ վերադարձնելու փորձի։

Հայաստանի խաղաղ զարգացումը չի կարող կախված լինել Մոսկվայի շահերից, իսկ Հայաստանի ընդդիմությունը չի կարող երկրի ապագայի դեմ քվեարկել և դա ներկայացնել որպես հայրենասիրություն։

Երեկվա քվեարկությունը քաղաքական պատասխանատվության հարց է։ Եթե ընդդիմությունը դեմ է TRIPP-ին, թող ներկայացնի իր այլընտրանքը։ Եթե Ռուսաստանին համարում է Հայաստանի անվտանգության երաշխավոր, թող բացատրի՝ ինչ երաշխիքների մասին է խոսքը և ինչ գին է Հայաստանը վճարելու դրա դիմաց։

Հայաստանի հասարակությունը պետք է տեսնի իրական պատկերը՝ ով է առաջարկում առաջ շարժվել, և ով է փորձում երկիրը պահել նախկին կախվածությունների տրամաբանության մեջ։

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել այն սկզբունքով, որ երկրի յուրաքանչյուր նոր հնարավորություն պետք է նախ արժանանա Մոսկվայի հավանությանը։ Հայաստանը պետք է որոշի իր ճանապարհը՝ ելնելով Հայաստանի շահերից, ոչ թե արտաքին ուժերի ակնկալիքներից։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

29 Հոկտեմբեր, 2026 12:35
Վեր