Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ պետք է այն մտայնությունից դուրս գանք, որ երբ Ադրբեջան կամ Թուրքիա անունը հնչում է Հայաստանում սկսում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի և այլն»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
«Այսինքն մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք: Ընդդիմությունը, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, գալիս ինչ է անում, ասում է . «Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա»: Այո՛ «Ադրբեջան-Թուրքիա», որովհետև Հայաստանի Հանրապետությունը մինչև իր հարևանների հետ չունենա նորմալ հարաբերություններ՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ լինելու է ֆորպոստ: Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ: Դրա համար ինչ է պետք, պետք է, որ չլինի խաղաղություն: Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում: Որովհետև իրենց փողերը փակի տակ է: Ասել են. «Մինչև Հայաստանը ֆորպոստ չդարձնեք՝ չվերադարձնենք ֆորպոստի կարգավիճակ, բոմժ եք դառնալու»: Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ գործընթացից են պաշտպանում: Հայաստանում շատերը տրվում են դրան: Ոչ ոք չի նկատում, որ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ: Ինչ եք առաջարկում, այսինքն փակենք ճանապարհը: Իմ կարծիքով մենք էլ տրվում ենք դրան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ իր գլխավորած Կառավարությունը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն, որպեսզի հաղթահարի «ֆորպոստի կարգավիճակը»:
«Այն ինչ անում ենք մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա: Այսինքն, որևէ մեկը ուզում է խաղաղություն՝ Ադրբեջանի հետ կոնֆլիիկտ պայմաններո՞ւմ: Չի կարող այդպիսի բան լինի: Այս մարդիկ դեմ են Հայաստանի անկախությանը, այս մարդիկ դեմ են Հայաստանի պետությանը, որովհետև պետությունը այն է, որ իրենց թույլ չի տալիս թալանել: Իրենց ֆորպոստ է պետք, որ այդ գեներալներով, նախկին նախարարներով, պաշտոնյաներով, օլիգարխներով Հայաստանը թալանեն: Երեսուն տարի Ադրբեջան-Թուրքիա ասելով թալանել են: Ասել ենք «բա էտ ի՞նչ եք անում», ասել են. «բանակը, դիրքերը բան պահում ենք», հետո գնացել ենք տեսել ենք ոչ մի բան չկա»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մենք գնում ենք մեր երկրի շահերի հետևից»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պետք ընդդիմությանը բացատրել ԹՐԻՓՓ-ի էության մասին, որպեսզի կրկին նույն հարցերը չշրջանառվեն, վարչապետը ասաց. «Ինչ-որ մի հատ մարգինալ խմբակի, որը ամեն օր ստանում, որ այսօր 4 անգամ կասեք Ադրբեջան, հինգ անգամ՝ Թուրքիա: Ասենք մենք այս մարդկանց վրա պետք է էներգիա ծախսե՞նք: Թող գնան գլուխները տան պատին: Չեն հասկանում, թող էնքան տան պատին հասկանան»:
Փաշինյանը նաև հավելեց, որ ով ցանկություն ունի հասկանալ, թե Հայաստանը ինչ է ստանալու ԹՐԻՓՓ-ից, թող գնա Մեղրի:


