Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիմնականում շինհրապարակներում են ներգրավվում օտարերկրացիները, որպես կանոն՝ բանվորական անձնակազմի շրջանակներում և կան դեպքեր, երբ առանձին գործիքների, սարքավորումների օգտագործման նեղ մասնագետներ են լինում: Սա վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշն օրեցօր ավելանում է և դրա մեջ լոկոմոտիվ է հանդիսանում հենց քաղաքաշինությունը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ աշխատուժը հիմնականում գալիս է ասիական երկրներից, ՌԴ-ից, հետխորհրդային երկրներից. «Հիմնականում գալիս են Հնդկաստանից, բանվորական անձնակազմի մասին է խոսքը, առանձին գիտելիքներ պահանջող թիմեր էլ գալիս են եվրոպական երկրներից: Նրանք իրենց հետ բերում են նոր մշակույթ, այսինքն՝ մշակութային հաղորդակցությանը ևս ականատես ենք լինում, երբ տեսնում ենք, թե ինչպես են օրինակ՝ խիստ ռեժիմներում աշխատած անձնակազմերը գալիս Հայաստան և այստեղ են բերում իրենց գիտելիքն ու փորձը: Քաղաքաշինական ծրագրերի մեծ տեմպն է, որ հնարավորություն է տալիս նորանկախ Հայաստանի պատմության մեջ եզակի իրադարձության ականատես լինել, որ ոչ թե հայ տղամարդիկ են գնում «խոպան», այլ Հայաստանն է դիտարկվում որպես արտագնա աշխատանքի վայր, որպես «խոպան»»:
Թե ինչու են նախընտրում Հայաստանը՝ Գրիգորյանն ասաց. «Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է, հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, մյուս կողմից՝ ՀՀ-ում տնտեսական մեծ ակտիվություն է, աշխատուժը տեսնում է, որ այստեղ կա երկարատև կտրվածքով աշխատանքի հնարավորություն, պայմաններ, մեր միջավայրում իրենց անվտանգ են զգում, ներդրումային միջավայրն էլ օր օրի ավելի ընդլայնվում է, այս գործոններն են, որ նրանց բերում են ՀՀ»:
Շինարարական ընկերություններից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բանվորական կազմից յուրաքանչյուրին օրական վարձատրում են 10-13 հազար դրամ, ովքեր աշխատում են 9-ժամյա ռեժիմով:
Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ նրանց կատարած աշխատանքից էլ գոհունակություն կա, կարգապահ են և հստակ ժամային գրաֆիկով են աշխատում:
Գրիգորյանը նաև նշեց, որ հայ տղամարդիկ այսօր նախընտրում են մնալ ու մեր երկրում աշխատել. «ՌԴ-ում այսօր կա խնդիր՝ աշխատատեղերի, ներդրումների հետ կապված, իսկ մեր երկրում հակառակ պատկերն է: Այս համատեքստում շատ կարևոր է այն օրենսդրական միջավայրը, որը պետությունն այսօր փորձում է ստեղծել նոր ներդրումների շարունակականության ապահովման և ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի իրականացման համար, որ աշխատատեղերը լինեն երկարաժամկետ»:
Ինչ վերաբերում է շինհրապարակներում անվտանգության կանոնների պահպանմանն ու գրանցված դժբախտ դեպքերին՝ Գրիգորյանն ասաց. «Անվտանգության կանոնները հիմա շատ լավ պահպանվում են, եթե համեմատում ենք տարիներ առաջվա պատկերի հետ: Կարևոր է պետության դերկատարումը, համապատասխան մարմինները խիստ վերահսկողություն են իրականացնում շինհրապարակներում՝ անվտանգային միջոցառումների ապահովման համատեքստում: Որևէ կառուցապատող չի ցանկանա, որ տեղի ունենա դժբախտ պատահար, քանի որ դա առաջին հերթին մարդկային կյանք է խլում, բացի դա ենթադրում է քրեաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև ռեպուտացիոն բնույթի խնդիր է: Նմանատիպ պատահարներն ահազանգ են, որ անվտանգության կանոններն ավելի խսիտ կերպով պահպանվեն»:


