Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարներ տեղի են ունենալու, և աշխարհի բոլոր տեղերում տեղի են ունենում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Օհանավան բնակավայրի մոտակայքում չորս ավտոմեքենայի բախմանը, ինչի հետևանքով եղել է ինը զոհ և երեք վիրավոր։
«Փորձաքննությունը կպարզի՝ քնած է եղել, արգելակներն են խափանված եղել, ինչ է տեղի ունեցել, բայց ինչ-որ մի տոկոս մարդկային գործոն կա, որ ազդեցություն է ունենալու, ինչ էլ արվի, մարդկային գործոնը ազդեցություն միշտ ունենալու է»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ աշխատանքային խումբ ունեն երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով, ինստիտուցիոնալ կառույցներն են այդ ուղղությամբ աշխատում, գծանշումներից սկսած աշխատանքներ են անում և գիտեն, որ տեխնիկական զննման ոլորտում խնդիրներ կան։
«Եկեք արձանագրենք, որ մեքենան, որը ըստ ամենայնի վթարի պատճառ է դարձել, այլ երկրի եկած մեքենա է, և մենք պետք է առերեսվենք, որ նույն տրամաբանությամբ մեր մեքենաներն են գնում այլ երկրներում վթարի պատճառ դառնում, ինչքան ուրիշներն են գալիս, այնքան էլ մենք ենք գնում»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վթարների զոհերի թիվը նվազեցնելը կարևոր է, բայց մյուս կողմից պետք է առերեսվենք մեքենաների թվի աճի հետ։


