Ապօրինի անտառահատումները ՀՀ-ում շարունակվում են․ 2022 հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ․ ովքեր են հատում անտառը, և որն է արդյունավետ մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում Zarkerak - Ապօրինի անտառահատումները ՀՀ-ում շարունակվում են․ 2022 հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ․ ովքեր են հատում անտառը, և որն է արդյունավետ մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում
Zarkerak Zarkerak - Ապօրինի անտառահատումները ՀՀ-ում շարունակվում են․ 2022 հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ․ ովքեր են հատում անտառը, և որն է արդյունավետ մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում
Ապօրինի անտառահատումները ՀՀ-ում շարունակվում են․ 2022 հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ․ ովքեր են հատում անտառը, և որն է արդյունավետ մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում

Ապօրինի անտառահատումները ՀՀ-ում շարունակվում են․ 2022 հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ․ ովքեր են հատում անտառը, և որն է արդյունավետ մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետության անտառների և անտառային հողերի պետական վերջին հաշվառումն իրականացվել է 1993 թվականին: Ըստ այդմ, այն  կազմում է երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազ. հեկտար, որից 334.1 հազ. հեկտարն անտառածածկ տարածքներ են:

Մեր երկրում երկրագնդի «թոքերն» ապօրինի գործողությունների արդյունքում ամեն տարի ավելի ու ավելի են կրճատվում: Անկանոն և ապօրինի անտառահատումները և անտառպաշտպանական միջոցառումների անբավարար մակարդակը հանգեցրել են անտառների դեգրադացիայի, տեսակային կազմի անցանկալի փոփոխությունների: Բարձրացել է նաև անտառների հրդեհավտանգության աստիճանը:

Վերջերս էլ ականատես եղանք դեպքի, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել էին ապօրինի հատված 22 խմ ընկուզենի, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել էր 2 200 000 դրամը:

Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը  Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենց համար էլ է դեպքը ցավալի եղել։ Սիրադեղյանը վստահեցնում է՝ իրենք պայքարի աշխատանքներ իրականացնում են: Նրա խոսքով, այս պահին պահպանությունն իրականացնում են անտառապահների միջոցով, սակայն քայլեր են անում հսկողությունն ավելի ուժեղացնելու համար:

Վիճակագրություն, միտումներ

Ըստ Անտառային կոմիտեի մեզ փոխանցած տվյալների 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ, որի համար կազմվել է 98 ակտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 3095 հատված ծառ, որի համար կազմվել է 136 ակտ: Այսինքն, հատված ծառերի թիվը 2022 թվականին 2021-ի համեմատ նվազել է 2,3 անգամ:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան Նազելի Վարդանյանի դիտարկմամբ չի կարելի ասել, որ անտառի պահպանությանն ուղղված քայլեր չեն արվում:

«Նույնիսկ հիմա արդեն ծառատունկ են անում, անտառհիմնում են անում: Նախկինում, ընդհանրապես, միայն կտրվում էր և պետության կողմից անտառի վերականգնում չէր արվում: Հիմա արվում է, ծավալները չգիտեմ, բայց չեմ կարծում, որ այնքան շատ է, որքան հատվում է, բայց, պետք է այնպես արվի, որպեսզի պահանջարկը պակասի և խստացվի վերահսկողությունը»,- նշում է նա:

Նազելի Վարդանյանն ընդգծում է, որ այժմ նաև սանիտարական հատման համար նախատեսված ծառահատումների շեմն են իջեցրել.

«Նախկինում սանիտարական հատման համար թույլ էին տալիս օրինական 50-60 հազար խորանարդ մետր, հիմա 30-35 հազար խորանարդ մետր են թույլ տալիս հատել»,- ասում է նա ու ցավով նշում, որ, այնուամենայնիվ, ապօրինի անտառահատումների քանակը չի պակասել․

«Մեկ է՝ ինչքան պահանջարկ կա, այդքան էլ հատում են: Օրինակ, կարող է նախկինում մինչև 1 մլն խորանարդի էր հասնում ապօրինի հատման քանակը, հիմա՝ 600-700 հազարի, բայց դրանից ավելի երջանիկ չենք լինում, որովհետև այնքան ենք հատել, որ անտառն իր որակական հատկանիշները կորցրել է»,- ասում է բնապահպանը:

Անտառահատման հետևանքները

Անբարեխիղճ անտառահատումների արդյունքում այսօր Հայաստանում անտառների ամբողջականությունն իջել է:

Բնապահպան Նազելի Վարդանյանն ասում է՝ այնքան են հատվել անտառները, որ բացի որակական հատկանիշները կորցնելուց նաև տեսակային կազմն է փոխվել.

«Բարձրարժեք կաղնուտներն ու հաճարի անտառները վերածվել են բոխուտների և ղաժուտների՝ որոնք ցածրարժեք են և որպես փայտանյութ, և որպես էկոլոգիական նշանակություն ունեցող տեսակներ: Անտառների լրիվությունն իջել է, իսկ եթե լրիվությունը, այսինքն սաղարթի համակցություն չկա, ուրեմն այդտեղ բնական վերաճ չի լինում՝ անտառը կորցնում է ինքնավերականգնման ֆունկցիան»,-շեշտում է նա:

Կաղնիներ ու հաճարենի

Անտառահատման այլընտրանքն ու իր հետևանքները

Անտառահատումների կանխմանն ուղղված մեխանիզմներ միշտ էլ մշակվում են, բայց, դրանց արդյունավետությունը դեռևս բավարար չէ: Օրենսդրության խստացումը, որը մեզանում հասցվել է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության, այնքան էլ չի լուծում խնդիրը.

Բնապահպանն ասում է՝ «մեկ է, եթե պահանջարկը կա և մարդը գումարի կարիք ունի, կամ ինքը չի կարողանում գազի, էլեկտրաէներգիայի գումար վճարել, միևնույն է՝ կտրելու է կամ առնելու է այդ փայտը»: Նրա խոսքով, այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա ուշադրություն պետք է դարձնել.

«Որպես այլընտրանք այժմ արևային պանելներ ենք ամենուր տեսնում, բայց դա էլ ուրիշ խնդիր է առաջացնում՝ փոխանակ   գյուղատնտեսության համար անպիտան հողերի վրա դրանք տեղադրվեն՝ ժայռերի վրա, քարքարոտ վայրերում, էրոզացված հատվածներում, դրանք տեղադրվում են գյուղատնտեսական բերրի հողերի վրա, որովհետև դա էժան է. ինքը հարթ է, այդտեղ մեծ աշխատանք պետք չէ կատարել: Արդյունքում, այժմ աշխարհում առկա ճգնաժամային իրավիճակում, երբ երկրները պարենի խնդրի առջև են կանգնում, մենք մեր գյուղատնտեսական հողերն  արդյունավետ չենք օգտագործում»,- մտահոգ է Նազելի Վարդանյանը։ Շեշտում է՝ մենք այսօր մեր պարենի անվտանգության հարցը պետք է լուծենք:

«Այսինքն, այլընտրանքը պետք է, բայց այլընտրանքն անելուց էլ պետք է գլխով մտածենք, ոչ թե անենք ի հաշիվ գյուղատնտեսության, ի հաշիվ այն բերրի հողերի, որոնք կարելի է այլ նպատակով օգտագործել: Նույն բանը մենք արեցինք փոքր ՀԷԿ-երի հետ»,- նկատում է նա:

Անտառի պահապանները. Սպասվող փոփոխությունները

Հայաստանի անտառտնտեսություններում այս պահին մոտավորապես 500 անտառապահ է աշխատում: Անտառային կոմիտեից հայտնում են, որ 2 տարի առաջ, վարչապետի հանձնարարությամբ, 20 հազար դրամով բարձրացվել է աշխատավարձերը: Այժմ անտառապահի միջին աշխատավարձը 130 հազար դրամ է՝ ներառյալ հարկերը: Աշխատանքային ժամերն աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամերն են՝ 9:00-18:00 և աշխատանքային շաբաթն էլ 5 օր է տևում: Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի խոսքով, առաջիկայում սպասվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել անտառապահների և՛ աշխատավարձերը, և՛ աշխատանքային պայմանները, և՛ գրաֆիկը:

«Հսկողությունն ավելի ուժեղացնելու համար նախ տեխնիկական վերազինման անհրաժեշտություն կա, որպեսզի անտառապաները տեխնիկապես զինված լինեն, օրինակ՝ մեքենաներ ունենան և կարողանան անտառի տարբեր հատվածներում հսկողություն իրականացնել: Նախատեսվում է նաև շուրջօրյա հսկողություն սահմանել: Բացի այդ, նաև ինստիտուցիոնալ փոփոխություններ են նախատեսվում»,- ասում է Սիրադեղյանն ու հավելում, որ նախորդ տարի ձիեր են ձեռք բերվել անտառապահների համար, որպեսզի այն հատվածներում, որոնք մեքենայի համար անհասանելի են՝ ձիերի միջոցով հասնեն․  

«Նախ վերապատրաստված, պատրաստված և լիազորությունների ավելի լայն շրջանակ ունեցող մարդիկ կզբաղվեն անտառի պահպանությամբ: Միգուցե նաև անտառապահների թիվը կրճատվի, ոչ թե ավելանա, բայց պահպանությունն ուժեղացվի»,- նշեց Անտառային կոմիտեի նախագահի տեղակալը:

Բնապահպան Նազելի Վարդանյանն էլ ասում է, որ անտառապահների թիվը շատ քիչ է: Բացի դա, նրանց լիազորություններն էլ են քիչ.

«Անտառապահին պետք է տալ լրացուցիչ լիազորություններ: Նախկինում՝ Խորհրդային տարիներում անտառապահն իրավունք ուներ և՛ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, և՛ գործիքները, և՛ սղոցը, և՛ կացինը բռնագրավելու, ակտ կազմելու, վարչական տուգանք նշանակելու: Զենք ուներ, տրանսպորտ ուներ, հաղորդակցության միջոցներ ուներ։ Հիմա ոչ մի բան չունի՝ ինքն ակտը կազմում է, իր կյանքը վտանգի տակ դնում, փոխանցում է իրավապահ մարմիններին, իսկ իրավապահ մարմիններն այնտեղ վերցնում փակում են այդ գործը ու, փաստորեն, վերջում էլ պատասխանատվությունը կրում է այդ նույն անտառապահը: Դրա համար, շատ անտառապահներ չեն ուզում այդ բանն անել, որովհետև, եթե ակտը կազմում են, հետո իրենք են գնում պատասխանատվության ենթարկվում ՝ էլ իմաստը որն է՝ համ վատամարդ դառնա, համ իրա կյանքը վտանգի, համ էլ հետո գնա պատասխանատվություն կրի»,- նշում է Վարդանյանն ու հավելում, որ անտառապահի համար ավելի հեշտ է գումարը վերցնել ու թույլ տալ ծառը կտրեն: Նա պնդում է, մեխանիզմը պետք է փոխվի և պետք է լիազորություններ տրվի այն անձին, որը պատասխանատու է այդ անտառի համար:

«Նախկինում դա էլ կար, իրենց կազմած ակտերից իրենք տոկոս էին ստանում ու շահագրգռված էին: Հիմա որևէ մեկը շահագրգռված չի: Ճիշտ է, օրենսդրությունը շատ խստացել է, բայց միայն խստանալով ոչ մի բան չի փոխվի, որովհետև՝ օրինակ Պարսկաստանում գողության համար ձեռք էին կտրում, բայց մեկ է՝ էլի գողությունը կար: Մենակ խստացնելով ոչ մի բան չես անի»,- ասում է նա:

 Ապօրինի անտառահատները. Սահմանված խիստ կանոնները

Հարցին, թե ովքեր են անտառահատումներն իրականացնում, բնապահպան Նազելի Վարդանյանը Zarkerak.am-ին ասաց՝ «այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ բիզնեսով զբաղված են»: Շեշտում է՝ հիմա գյուղացին գրեթե հնարավորություն չունի մտնելու ու անտառից որևէ բան հանելու: «Կառավարության որոշում կա, որ միայն թափուկի համար կարող է գյուղացին մտնել անտառ՝ հատուկ թույլտվությամբ. յուրաքանչյուր ընտանիքին մինչև 8 խորանարդ մետր է հատկացվում: Դա անում են բիզնեսով զբաղվողները, որոնք ինչ-որ ձևով պայմանավորվում են անտառապաների հետ, կամ գիտեն արդեն որտեղից կարող են մտնել ու ոնց գողանան »,- նշում է բնապահպանը:  Նազելի Վարդանյանը նշում է, որ սակայն  դեմ է տուգանքներին և քրեական պատասխանատվության խստացմանը, «որովհետև կյանքը ցույց տվեց, որ տասնապատիկ ավելացել է և ոչ մի բան չի փոխվել՝ դա ոչ մի բան չի փոխելու»: Ասում է՝ չես կարող մարդուն 2 ծառ կտրելու համար 10 տարի նստացնես:

«Ու հիմա, արդեն դրան է գնում՝ մինչև 5 տարի ազատազրկում կա: Այսինքն, դա լուրջ խնդիր է, ու միևնույն է՝ հատվում է: Հիմա, այս վերջին մի քանի տարիներին՝ 6-7 տարվա ընթացքում մի քանի անգամ օրենսդրությունը խստացվել է, բայց ոչ մի արդյունք չի տալիս»,- ասում է նա: Նազելի Վարդանյանը հիշում է տարիներ առաջ իրականացված պիլոտային ծրագրերից մեկը, որը որոշ չափով արդյունավետ է գնահատում, որպես կանխարգելիչ մեխանիզմ.

«Որոշ շրջաններում, փորձնական տեղադրում էին ձայնի ազդանշան դետեկտորներ ու դա շատ լավ էր՝ Տաշիրում էին փորձարկում ու շատ լավ կլինի, որ ամենուր լինի, որ հենց սղոցի ձայնը լինի՝ միանգամից այդ ազդանշանը միանա»,- ասում է բնապահպանն ու շեշտում, որ այս խնդրին համալիր մոտեցում է պետք, «ամեն ինչը միասին պետք է լինի ու, որ ամենակարևորն է, մարդկանց գիտակցությունը պետք է բարձրացվի, էկոլոգիական կրթություն ներդրվի»:

 

Արաքսյա Փաշոյան

21 Հունիս, 2022 17:27
Վեր