2022 թվականի ապրիլի 17-ից խորհրդարանական ընդդիմությունը սկսեց փողոցային պայքար՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Միևնույն ժամանակ ընդդիմությունը դադարեցրեց ժամանել Ազգային Ժողով և մասնակցել խորհրդարանի աշխատանքին: Սկզբնական շրջանում ամենօրյա ռեժիմով, այնուհետև դադարներով նրանք շարունակեցին բողոքի ակցիաները, արդեն նոյեմբերի 17-ին խորհրդարանական ընդդիմությունը պաշտոնապես վերադարձավ Ազգային Ժողով:
Նշված իրադարձությունները և, ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքաղաքական անցուդարձը Zarkerak.am-ն ամփոփեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:
«Համապարփակ գնահատական տալու համար մենք պարտավոր ենք երկու սեգմենտներին էլ անդրադառնալ, որովհետև դրանք քաղաքական համակարգի փոխկապակցված սուբյեկտներ են: Խորհրդարանական ընդդիմության մասով առիթ ունեցել եմ դեռևս գարնանն ասել, որ նրանք ընտրեցին ամենաանարդյունավետ տարբերակը, որովհետև խորհրդարանական բոյկոտն արդարացված է միայն խիստ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, երբ դու հստակ օրակարգ ունես, որի սպասարկմանը դա օգնում է: Ակնհայտորեն խորհրդարանական բոյկոտը դրան չէր օգնելու,օրինակ հենց իրենց առաջադրած հիմնական թեզին՝ Փաշինյանի հրաժարականին, որովհետև եթե նույնիսկ փողոցում իրենք հաջողեին, միևնույնն է վարչապետի հրաժարականի գործընթացը կարող էր տեղի ունենալ միայն խորհրդարանում: Խորհրդարանից դուրս փնտրել լուծումներ, այնքան էլ ճիշտ չէ»:

Սուրենյանցի խոսքով՝ ընդհանրապես սխալ է, երբ քաղաքական ուժերն ընտրում են կա՛մ փողոցը, կա՛մ խորհրդարանը. «Նման երկընտրանքն արդեն իսկ խոսում է քաղաքական տկարամտության մասին: Ընդդիմությունը պարտավոր է բոլոր գործիքակազմերն օգտագործել և՛ փողոցը, և՛ խորհրդարանը, և՛ միջազգային հարթակները: Այսինքն, պետք չէ մի գործիքը հակադրել մյուս գործիքին, հետո հայտնվել այնպիսի վիճակում, ինչպիսին հայտնվեց մեր ընդդիմությունը: Նրանք իհարկե հիմա խորհրդարան վերադարձել են, բայց դարձյալ ինչպես հեռանալուց չհասկացանք՝ ինչու հեռացան, այնպես էլ բոյկոտը դադարեցնելուց պարզ չեղավ ինչը փոխվեց, որ վերադարձան: Խոսելով խորհրդարանական մեծամասնության մասին՝ ասեմ, որ ինչ-որ պահի ինձ թվում է, որ նրանք ադապտացվել են այս մոդելին: Իհարկե, նրանք խոսում են ընդդիմության ներկայության անհրաժեշտության մասին, բայց մենք հաճախ նկատում ենք, որ ընդդիմության ներկայությունը նրանց նյարդայնացնում է: Մենք, ցավոք սրտի, ունենք խորհրդարան, որը չի դառնում քաղաքական հիմնական ամբիոն»:

Խոսելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների արհեստականության մասին՝ քաղաքագետն ասաց. «Եղավ փողոցային պայքարի անհաջողություն, դրանից հետո օրինակ՝ Վանեցյանը շատ ադեկվատ քայլ արեց՝ վայր դրեց մանդատը, մարդը պայքարի այդ ձևը համարեց ձախողված, իրեն չտեսավ խորհրդարանում, հավատարիմ մնաց իր հայտարարությանը և որոշեց գործունեությունը շարունակել որպես արտախորհրդարանական ուժ: Ընդդիմությունը՝ թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» դաշինքները, ժամանակավոր դաշինքներ էին, պարզ էր, որ եթե շատ արագ նրանք չհասնեն իշխանափոխության, ապա ժամանակի ընթացքում պառակտվելու են: Սա հայկական քաղաքական մշակույթի սովորական դրսևորումներից մեկն է: Պարզ էր, որ այս խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո այդ դաշինքներն այլևս առաքելություն չունեն: «Հայաստան» դաշինքը որպես այդպիսին՝ դաշինք չէ, նրա անունը հանգիստ կարող ենք դնել ՀՅԴ, «Պատիվ ունեմ» դաշինքի անունն էլ հանգիստ կարող ենք դնել ՀՀԿ»:

Սուրենյանցն անդրադարձավ նաև խորհրդարան վերադառնալուց հետո ընդդիմության մի շարք անդամների մանդատներից հրաժարվելու գործընթացին. «Մարդիկ համարեցին, որ այս Ազգային ժողովում անելիք չունեն: Այդ դաշինքներն արհեստական էին, վաղ թե ուշ փլուզվելու էին, մանդատները վայր դնելը դրա դրսևորումներից մեկն էր: Եթե սկզբունքային էին, ապա մանդատները պետք է վայր դնեին այն ժամանակ, երբ դա արեց Վանեցյանը: Սա ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացման հետևանքն էր»:

Իսկ, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է սպասել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Սուրենյանցն ասաց. «Արտահերթ ընտրությունների անցկացման փաստն ավելի շատ արտաքին քաղաքական գործոններով է պայմանավորված: Որևէ մեկը չի կարող ասել, թե կոնկրետ երբ կլինեն այդ ընտրությունները, բայց կարող ենք վստահ լինել, որ այն մինչև 2026 թվական չի հասնի»:
Աննա Բզնունի


