Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արդեն երեք տարի դրական կարգավիճակով եմ ապրում, բավականին ազատ սեռական կյանքով եմ ապրել: Սկզբի շրջանում ով էլ իմանում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունի, մտածում է կյանքն ավարտվեց, ես էլ էի մտածում, որ՝ վերջ: Մտածում ես՝ ոչ ոք ես, ֆիզիկականը մի կողմ, հոգեբանական շատ բարդ փուլի միջով ես անցնում, ժամանակ է պետք, որ հասկանաս ու ընդունես՝ ինչ է հետդ կատարվում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է 31-ամյա Սուրենը (անունը փոխված է խմբագրության կողմից), որ արդեն երեք տարի ապրում է ախտորոշված ՁԻԱՀ-ով:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրը սահմանվել է ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաև համարվում է հիվանդության զոհերի հիշատակի օր։

Zarkerak. am-ի հետ զրույցում ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան ՀՀ-ում այս հիվանդության ցուցանիշներն է ներկայացնում.«Վիճակագրություն ենք վարում սկսած դեռ 1988-ից: Վերջին տվյալներն ընդգրկում են մինչև 2024 թիվը օգոստոսի 31-ը ներառյալ: ՄԻԱՎ վարակի դեպքերի ընդհանուր գրանցված թիվը կազմում է 5991, որից ՁԻԱՀ-ի դեպքերը կազմել են 2771, ՁԻԱՀ-ի դեպքերի թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 74%:
Միայն այս տարի գրանցվել է ՄԻԱՎ վարակի 377 դեպք, որից 74,5%-ը տղամարդիկ են (ընդհանուր առմամբ, ամեն ամիս ՄԻԱՎ-ի միջինում 50 նոր դեպք է գրանցվում): Նշված 377-ից ՁԻԱՀ-ի դեպքերը կազմել են 102, այստեղ էլ գերակշռում է արական սեռը 78.4%:
1988-ից ի վեր մինչև օգոստոսի 31-ը ներառյալ գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1250 մահվան դեպք, մահացածների 80%-ը տղամարդիկ են: Այս տարվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 31-ը, մահվան դեպքերը կազմել են 66՝ 53%-ը տղամարդիկ են»:

Ելենա Սիլկա
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի առաջին տեղում է վարակի տարածման սեռական ուղին (հետերոսեքուալ՝81%, հոմոսեքսուալ՝11%,) հաջորդը թմրամիջոցների ներարկումային օգտագործման ուղին է՝ 7%, 1% էլ կազմում եմ հիվանդության փոխանցման անհայտ ուղիները:
«Ունենք ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կայուն աճող թիվ, ամբողջ աշխարհն է պայքարում այս խնդրի դեմ, որովհետև հիվանդների թիվը գնալով ավելանում է և մեր երկիրը ևս անմասն չէ այս խնդրից:ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական պատասխանի դեպքում, տվյալ պացիենտներն ուղևորվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ ևս հաստատող անալիզների արդյունքից հետո պարտադիր կերպով վերցվում են դիսպանսեր հաշվառման»,- ասում է բժիշկը: Նշում է նաև, որ այժմ կենտրոնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող ՀՀ 3751 քաղաքացի բուժում է ստանում, դիսպանսերային հաշվառման է վերցված 4741-ը:

«Մինչ այս պահը ՄԻԱՎ վարակը, որպես հիվանդություն, համարվում է անբուժելի, քանի որ դեռևս չի գտնվել այնպիսի դեղամիջոց,որը կարողանա ՄԻԱՎ վիրուսը դուրս բերել օրգանիզմից: Բայց մենք ունենք հակռետրովիրուսային դեղամիջոցների մեծ արսենալ, որոնք պետության կողմից տրամադրվում են անվճար հիմունքներով, և որոնց մշտական, պարտաճանաչ, կայուն ընդունումը բերում է նրան, որ մենք հասնում ենք արյան մեջ վիրուսի քանակի զգալի իջեցման, ինչի շնորհիվ մարդու իմունային համակարգը չի տուժում և չի զարգանում ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը՝ ՁԻԱՀ-ը»,- բացատարում է Ելենա Սիլկան:
Ըստ նրա, բուժառուները, ովքեր լսում են բժշկին, ընդունում են դեղամիջոցները,պարտաճանաչ գալիս են հետազոտության ապրում են այնպես, ինչպես կապրեին առանց ՄԻԱՎ-ի.«Եթե ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է վաղ փուլում, և անձը հետևողական է բուժում ստանալու առումով, ապա կապրի այնքան, եթե օրինակ չունենար նման հիվանդություն: Սակայն, եթե խնդիրն արդեն հասել է ՁԻԱՀ-ի փուլին և եթե բուժում չի ստանում, ապա արդեն վտանգ է սպառնում մարդու կյանքին, ՁԻԱՀ-ի փուլում ապրելու միջին տևողությունը մաքսիմում 5 տարի է»:
Նման ախտորոշման հետ Սուրենը թեև դժվար է հաշտվում, բայց նկատում է, որ ապրելու չուզելու մասին մտքերն աստիճանաբար նահանջում եմ, երբ սկսում է համագործակցությունը բժիշկների հետ.«Հետևելով դեղամիջոցներին, լսելով բժիշկներին, քո վիրուսը ժամանակի ընթացքում գալիս է զրոյի, այդ պահը, որ մտածում ես ոչ ոք ես,աստիճանաբար անցնում է ու սկսում ես կամաց-կամաց վերադառնալ քո կյանքին»:

Ելենա Սիլկան բացատրում է նաև, որ հիվանդությունն ունի իր ոչ պակաս վտանգավոր առանձնահատկությունը.«Վարակն ունի երկարատև գաղտնի փուլ, տարիներ շարունակ մարդը կարող է որևէ գանգատ չունենալ, ապրել այդ վարակով, շարունակել տարածել վարակը ու անհրաժեշտ ժամանակում բուժում չստանալ»:
Բժշկի խոսքով՝ սուր ՄԻԱՎ վարակը, որը ՄԻԱՎ վարակի առաջին կլինիկական դրսևորումն է, չունի հատուկ ախտանշաններ.«Վարակումից հետո մարդու մոտ կարող են զարգանալ ցանային երևույթներ, ջերմության բարձրացում, լուծ, թոքաբորբ, ռեսպիրատոր վարակին բնորոշ ախտանշաններ, հաճախ պարզում ենք, որ լիմֆատիկ գեղձեր են մեծացել, նշիկներն են բորբոքվել, որոշ պացիենտների մոտ չի բացառվում անցողիկ դեղնուկ», - ասում է բժիշկն ու հավելում. «Եթե պացիենտը չգիտի, որ ունեցել է ռիսկային վարքագիծ և հնարավոր է վարակվել է, ինքը երբեք չի մտածի, որ արդեն ունի ՄԻԱՎ վարակ»:
«Եթե դրսևորվել է ռիսկային վարքաիծ, օրինակ՝ չպաշտպանված սեռական հարաբերություն և չի անցել 72 ժամ, անձը կարող է դիմել կենտրոն, ստանալ հետկոնտակտային կանխարգելիչ բուժում՝ 1-ամսյա տևողությամբ, որ վարակի հավանական ռիսկը հավասարվի 0-ի»,- ասում է մասնագետը:

Սուրենն էլ հիշում է.«Հատուկ ախտանիշ չկա, բայց իմունիտետդ սկսում է ընկնել, սկսում ես շատ արագ հիվանդանալ՝ գրիպ, կոկորդի ցավ, տաքություն,ու որ շատ հաճախ է արդեն, սկսում ես կասկածել: Իմ մոտ այդպես է եղել ու անալիզ եմ հանձնել...»:
Ելենա Սիլկան նշում է նաև, որ 2024-ի առաջին 8 ամիսներին գրանցվել է ՄԻԱՎ-ի 3 դեպք 0-14 տարեկանների շրջանում, սրա պատճառը բժիշկը բացատրում է նրանով, որ ժամանակին երեխաների մայրերի մոտ հիվանդությունը թեև առկա է եղել, բայց չի ախտորոշվել ու կանխարգելիչ բուժում չի իրականացվել:
«Երեխաների թվում նորածիններ չկան: Հղիները, որոնց մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ ուղարկվում են մեզ մոտ ու պարտադիր ստանում են կանխարգելիչ բուժում: Այս տարի արդյունավետությունը մոտենում է 100%-ին, 43 հղիի տրամադրել ենք այդ ծառայությունը և նրանք ունեցել են առողջ բալիկներ», - ընդգծում է բժիշը և հավելում, որ վերջին տարիներին հղիների շրջանում գրանցվող ցուցանիշները գրեթե չեն տատանվում:

Մասնագետը նաև շեշտում է, որ ոսկե կանոն է բուժառուների անձնական տվյլաների գաղտնիությունն ապահովելը: Ի դեպ, Սուրենի ու, ըստ նրա, դրական կարգավիճակով ապրող շատ մարդկանց համար ամենացավոտը հիվանդության մասին բարձրաձայն խոսելն է: Սուրենն ասում է՝ դեռ ապրում ենք մի միջավայրում, երբ հիվանդությունը կարող է դառնալ զենք և սպառնալիք` հենց այն կրողի հանդեպ.
«Ես որոշել եմ խոսել, չլռել, շրջապատիս մեծ մասը գիտի, ինձ դա չի հուզում: Ես հիմա այս կարգավիճակով եմ ապրում ու խնդիրներ չունեմ, բայց Հայաստանում բոլորը խուսափում են իրենց կարգավիճակն ասելուց, ու ցանկալի էլ չէ դրա մասին խոսել, մարդ գիտեմ, որ երկրից թողել, գնացել է: Պատմություններ էլ գիտեմ, որ ամբողջ կյանքում թաքցրել են: Մարդ կա շրջապատում իմացել են, ամեն տեղ տարածել են, հոգեբանի է դիմել, որ հաղթահարի այդ վիճակը: Շատ քիչ մարդիկ կարող են ունենալ խիզախություն դրա մասին բարձրաձայնել, եզակի մարդկանց գիտեմ, որ ասում են դրա մասին...»:


