Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջիկայում ավելի շատ չպլանավորած, քան թե պլանավորած այցեր եմ կատարելու: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախորդ անգամ չնախատեսված այցեր կատարելու ժամանակ նկատել է, որ նորակառույց մանկապարտեզներից մեկի զուգարանակոնքերի վրադիրները շատ վատ վիճակում են:
Նշելով, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը իր կարգադրությամբ ազատվել է աշխատանքից, վարչապետը հավելեց. «Չնախատեսված այցեր եմ կատարելու ամենատարբեր տեղեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, զորամասեր, ուր ասես: Բայց կոնկրետ ցանկացած դպրոցում, ցանկացած մանկապարտեզում, երբ որ ես տեսա, ուզում եմ գլխից արձանագրենք, որ դա վերաբերվում է վարչատնտեսական պատասխանատուին և նա չի աշխատելու, ազատվելու է աշխատանքից՝ առանց բացառությունների»:
Փաշինյանը չնախատեսված այցերի նախաձեռնությունը կապեց այն հանգամանքի հետ, որ շատ ժամանակ հաստատությունների ղեկավարները տեղյակ լինելով իր այցի մասին նախապես ամեն բան կարգավորում են:
«Մենք էնպես ենք արել, որ մեր բյուջետային մակարդակով շահագործման պատշաճ մակարդակ ապահովենք բոլոր դպրոցներում և մանկապարտազներում: Եվ մակապարտեզների դեպքում՝ կառուցելուց առաջ մենք համայնքների հետ պայմանավորվել ենք, որ պետք է ապահովվի դրանց պատշաճ պահպանության ծախսերը: Հիմա ելնելով այս կանխավարկածից ցանկացած տեղ, երբ որ ես տեսա նախագծայինից շեղված իրավիճակ ուզում եմ արձանագրել, որ տվյալ դպրոցի կամ մակապարտեզի տնօրենը այլևս չպետք է աշխատի»,-նշել է վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծել, որ եթե որևէ մարզում կամ համայնքում իր նշած երևույթը լինի կրկնվող, արդեն անդրադարձ է լինելու այն պաշտոնյաներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել:
Ըստ վարչապետի խնդիրը նման իրավիճակում երեխաներին պահելու մեջ է, քանի որ դա խնդիրներ է ստեղծելու թե երեխաների հետագա կյանքի և թե երկրի համար:


