Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կերկարաձգի արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը Zarkerak - Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կերկարաձգի արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը
Zarkerak Zarkerak - Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կերկարաձգի արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կերկարաձգի արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ կերկարաձգի արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հոկտեմբերի վերջը կերկարաձգի արտադրողների համար դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Այժմ սահմանափակումը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով սեպտեմբերի 14-ին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներին ծանոթ իր աղբյուրներին։

Էմբարգոյի երկարաձգումն անհրաժեշտ է ներքին շուկան վառելիքով ապահովելու համար, պարբերականին հայտնել է զրուցակիցներից մեկը։ Փորձագետների գնահատմամբ՝ լրացուցիչ պատճառ է դարձել ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) պլանային վերանորոգումների մի մասը աշնանը տեղափոխելն ու դիզելային վառելիքի պաշարները համալրելու անհրաժեշտությունը։

Կառավարությունը դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը սահմանել էր 2025 թվականի սեպտեմբերին։ Սկզբում այն տարածվում էր դիզել չարտադրող ընկերությունների, ինչպես նաև տարեկան մինչև 1 մլն տոննա արտադրողականություն ունեցող փոքր ՆՎԳ-ների վրա։ Հետագայում սահմանափակումները բազմիցս երկարաձգվել ու փոփոխվել են։

2026 թվականի հուլիսի սկզբին արգելքը տարածվեց դիզելային վառելիք արտադրող բոլոր ընկերությունների վրա։ Այդ ժամանվանից ի վեր դրա ժամկետը երկարաձգվել էր մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ հետո՝ մինչև սեպտեմբերի 30-ը։ Բացառություններ են արվում միջազգային համաձայնագրերի շրջանակում իրականացվող և մարդասիրական մատակարարումների համար։ Զուգահեռաբար գործում է նաև բենզինի արտահանման արգելքը, որը սահմանված է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։

Սեպտեմբերի 14-ի խորհրդակցության ժամանակ Նովակը կառավարության, մարզերի և նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նավթամթերքի արտադրության ու սպառման հաշվեկշիռը, արտադրական ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունն ու վառելիքի պաշարները։ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է մի քանի ՆՎԳ-ներում լրացուցիչ տեղակայանքների գործարկման մասին, ինչը թույլ է տվել ավելացնել նավթամթերքի թողարկումը։ Ընդ որում, մի շարք մարզերում պահպանվում են մատակարարումների տեղային խափանումները։

Նովակը հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին շարունակել ներքին շուկայի մոնիթորինգը, ուժեղացնել լիցքավորման ենթակառուցվածքների վիճակի վերլուծությունն ու վերահսկողությունը փոքր մեծածախ գնագոյացման նկատմամբ։

Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի տվյալներով՝ սեպտեմբերի սկզբից դիզելային վառելիքի մեծածախ գինը նվազել է 4%-ով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 70 546 ռուբլու։ Ընդ որում, ամսվա սկզբին գները նվազել էին մինչև 65 933 ռուբլի, ինչից հետո կրկին աճել են։

Ռոսստատի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ դիզելային վառելիքի միջին մանրածախ գինը կազմել է 88.44 ռուբլի՝ մեկ լիտրի համար։ Ամսվա սկզբից այն ավելացել է 0.05%-ով, իսկ տարեսկզբից՝ 18.4%-ով։

«Վեդոմոստի»-ի հարցված փորձագետները հոկտեմբերին ակնկալում են դիզելի ընդհանուր առմամբ կայուն մեծածախ գներ, թեև չեն բացառում կարճաժամկետ տատանումները։ Մանրածախ շուկայում, նրանց գնահատմամբ, առաջիկա ամիսներին նույնպես գների կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։

16 Սեպտեմբեր, 2026 13:52
Վեր