Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել օրենքով նախատեսված օրինականացման հստակ ընթացակարգ՝ պահպանելով հողային օրենսդրության, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև սեփականատերերի և երրորդ անձանց իրավունքները։
Ըստ այդմ՝ կհստակեցվի ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի ներկայացումից, հաշվառումից և մասնագիտական գնահատումներից մինչև ցանկի հաստատում, օրինականացում, համայնքի ղեկավարի որոշում և իրավունքների պետական գրանցում։ Կտարանջատվեն մարմինների իրավասությունները, կսահմանափակվեն նույն հանգամանքների կրկնակի գնահատումը և անհարկի ձևական պահանջներով պայմանավորված մերժումները, միաժամանակ կպահպանվեն անվտանգության, հողօգտագործման և երրորդ անձանց իրավունքների պաշտպանության պահանջները։
Նոր ընթացակարգը չի տարածվի պետական կամ համայնքային հողամասում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը դրա շրջանակում կարող է դիտարկվել, եթե ամբողջությամբ ինքնակամ է։
Ինքնակամ կառույցն իրականացրած անձը հաշվառումը և օրենքով պահանջվող փաստաթղթերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնի մինչև 2027 թ. դեկտեմբերի 30-ը։ Նախարարությունը ստուգելու է փաստաթղթերի համապատասխանությունն օրենքին և մինչև 2028 թ. հունվարի 10-ը կազմի Կառավարություն ներկայացվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկի նախագիծ՝ մինչև փետրվարի 20-ը հաստատելու համար։
Ցանկում ընդգրկվելը դեռևս օրինականացում չէ։ Հողամասի սեփականատերը օրինականացման համար պետք է դիմում ներկայացնի համայնքի ղեկավարին, կատարի տուրքի անհրաժեշտ վճարումները։ Օրինականացման մասին որոշում կայացնելու դեպքում այն ներկայացվելու է Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման։

