Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր լրանում է անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակը։
Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնամուրային կատարողական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է, որի բացառիկ տաղանդը, կատարողական ինքնատիպ ձեռագիրը և երաժշտական խորաթափանցությունը նրան ճանաչում ու հեղինակություն են բերել միջազգային երաժշտական ասպարեզում։
Ծնվել է 1946 թվականին՝ Ալավերդիում, երաժշտությունն ու արվեստը գնահատող ընտանիքում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։
1964–1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վաչե Ումր-Շատի դասարանում, այնուհետև կատարելագործել վարպետությունը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ նշանավոր դաշնակահար և մանկավարժ Յակով Զակի ղեկավարությամբ։ Կոնսերվատորիան ավարտել է 1971 թվականին, իսկ 1973 թվականին՝ ասպիրանտուրան։
Սվետլանա Նավասարդյանի միջազգային ճանաչումը սկսվել է դեռևս երիտասարդ տարիներից։ Նա դարձել է Ռոբերտ Շումանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1966), Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1968), Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1972) և Սիդնեյի միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1977)։
Այս հաջողությունները ճանապարհ են բացել դեպի աշխարհի հեղինակավոր համերգասրահներն ու միջազգային երաժշտական փառատոնները։
Անվանի դաշնակահարը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրում՝ ելույթ ունենալով Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Սիդնեյի օպերային թատրոնում, Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Փարիզի «Գավո» համերգասրահում, Լայպցիգի «Գևանդհաուզում», Բուենոս Այրեսի «Թեատրո Կոլոնում», Տոկիոյի և Օսակայի հեղինակավոր բեմերում։
Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է անվանի դիրիժորների և երաժիշտների հետ համագործակցությամբ։ Տարբեր տարիներին նա հանդես է եկել Եվգենի Սվետլանովի, Վալերի Գերգիևի, Վասիլի Սինայսկու, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի, Էլիսո Վիրսալաձեի, Եվգենի Կիսինի, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի և այլ ականավոր արվեստագետների հետ։
Նավասարդյանի երգացանկն առանձնանում է ընդգրկունությամբ և ժանրային բազմազանությամբ։ Այն ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Լյուդվիգ վան Բեթհովենի կոնցերտները, ինչպես նաև տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ և մենանվագային ծրագրեր։ Նրա կատարողական արվեստն առանձնանում է երաժշտական մտքի ինքնատիպ մեկնաբանությամբ, հնչերանգային նրբությամբ և խոր գեղարվեստական արտահայտչականությամբ։
1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցելով երիտասարդ երաժիշտներին։ Նա համագործակցում է նաև արտասահմանյան հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, հրավիրյալ պրոֆեսորի կարգավիճակով հանդես է գալիս վարպետության դասերով և մասնակցում միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիների աշխատանքներին։ Սվետլանա Նավասարդյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1977 թ.) և ժողովրդական արտիստի (1984 թ.) պատվավոր կոչումներին, 1988 թվականին՝ ՀԽՍՀ պետական մրցանակին։ Նրա արվեստը բարձր է գնահատվել նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով․ 2003 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 2010 թվականին՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, իսկ 2016 թվականին՝ «Պատվո» շքանշանի։ 2015 թվականին պարգևատրվել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։
Սվետլանա Նավասարդյանի անունը կապված է հայ դաշնամուրային կատարողական արվեստի նշանակալի ձեռքբերումների հետ։ Նրա բազմամյա ստեղծագործական գործունեությունը, միջազգային ճանաչումը և մանկավարժական նվիրումը շարունակաբար նպաստում են հայ երաժշտարվեստի հանրահռչակմանը՝ հաստատելով ազգային մշակույթի բարձր արժեքն ու համամարդկային հնչեղությունը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շնորհավորում է Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում և ստեղծագործական հարատև բերկրանք։


