Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և որպես անվավերության հետևանք նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը։


