Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2027 թվականից առողջության ապահովագրման համակարգ կներառվեն մինչև 200 հազար աշխատավարձ ստացող քաղաքացիները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:
«Կարծում եմ այս խմբի համար ունենալ առողջական ծախսերի երաշխիք պետության մասնակցությամբ նաև չափազանց կարևոր է: Ուրախ եմ նաև, որ հունվարի 1-ից նրանք զերծ կմնան շատ հաճախ աղքատացնող և ելք չթողնող ֆինանսական ծախսերից»,-ասաց Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ ըստ նախագծի շահառուների առաջին խումբը մոտ 350 հազար հոգի է և նրանց ապահովագրավճարի բեռը պետությունը հավասարակշռված բաշխել է, որպեսզի որևէ կողմի վրա ֆիքսված չլինի ծանրաբեռնվածությունը:
«Այսպիսոով ամսական 108000 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400 դրամը կվճարի գործատուն և 2000 դրամը արդեն կվճարի աշխատող քաղաքացին»,-բացատրեց նախարարը:
Նա նաև հիշեցրեց, որ 2026 թվականին նույն կերպ Կառավարությունը սուբսիդավորվել էր 200-500 հազար աշխատավարձ ստացողներին: Հաջորդ տարի այս խումբը նույն կերպ կշարունակի պետության սուբսիդավորած 6000 դրամը սոցկրեդիտի շրջանակներում հետ ստանալ:
Ավանեսյանը նաև նշեց, որ հաջորդ խումբը, որը միանալու է առողջության համընդհանուր ապահովագրությանը էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ տրամադրող քաղաքացիներն են:
Ըստ առաջարկվող օրինագծի այս դեպքում քաղաքացին պետք է տաքսի ծառայություն տրամադրող հարթակին միացած լինի նախորդ երկու տարվա ընթացքում և նախորդող մեկ տարվա ընթացքում նրա ունեցած շրջանառությունը պետք է ավել լինի նվազագույն աշխատավարձից:
Երրորդ խումբը փոխկապակցված անձինք են: Նախարարը նշեց, որ հունվարի 1-ից մինչև 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները կարող են իրենց ընտանիքի մեկ անդամի ապահովագրել՝ կրկին 10800 դրամով հասանելի դարձնել ապահովագրական փաթեթը: Ավանեսյանը հավելեց, որ 500 հազարի ավել ստացողներն էլ կարող են ապահովագրել երկու անդամի:


