Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Չափազանցված է ասել, որ քարսիթերի կիրառումը այս կամ այն առումով կիսատ է: Անհոգնել իրազեկում եմ մեր պարեկային ծառայողներին, որ երեխաները նստում են դիմացը, ի՞նչ քարսիթ, ի՞նչ ամրագոտի՝ ծնողի կողքը»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Ճանապարհային երթևեկության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերին:
Նման պատկեր ըստ Ղազարյան կարելի է հանդիպել այնպիսի տոնական օրերին ինչպիսին հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Իրականում փոքրիկ ուսումնասիրություն եմ արել և կիսում եմ տիկին Խամոյանի այն դիրքորոշումները, որ 20 հազար դրամ տուգանքով այս հարցը չի լուծվելու: ԱՄՆ-ում երեխային ծննդատնից դուրս չեն գրում, եթե ավտոմեքենաներում չկա քարսիթ: Այո՛ ծնված օրվանից երեխան պետք է սովորի քարսիթ նստել»,-ասաց Ղազարյանը:
Նա նաև նկատեց, որ եթե 3-4 տարեկանում առաջին անգամ են երեխային նստեցնում քարսիթ, ապա բնական է, որ երեխան կարող է դիմադրել:
«Ես ակնկալում էի, որ այս նախագիծը շրջանառելու դեպքում ասելու էին, որ սոցիալական ծանր բեռ ենք դնում ծնողների վրա: Նախ երեխա ունենալը ենթադրում է հսկայական պատասխանատվություն, պետությունը առաջին, երկրորդ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում տալիս է գումար, ապա բարի եղեք այդ գումարը տրամադրել ձեր երեխայի իսկ անվտանգությանը և գնեք քարսիթ»,-ասաց պատգամավորը և նշեց, որ օրինակ List.am-ում 30-40 հազար դրամով քարսիթներ են վաճառում և կարելի է 500 հազար դրամից գումար հատկացնել և գնել։
Ըստ Ղազարյանի քաղաքացիների մոտ պետք է վարքագծային փոփոխություն կատարել, քանի որ ծնողին չի կարելի անընդհատ պատժել այն բանի համար, որ հոգ չի տարել իր երեխայի անվտանգության մասին:


