Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Միավորված Ազգերի Կազմակերպության՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է 2025 թվականի առաջին 11 ամիսների՝ կառույցի գործունեության վիճակագրական մի շարք տվյալներ, մասնավորապես, նշելով, որ այդ ընթացքում քննվել է 2356 քրեական վարույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 252-ով ավելի է: Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների և դատի տրված անձանց թիվը։ Ընդ որում՝ ըստ Արմեն Ասատրյանի, հատկանշական է, որ ընթացքը լուծված վարույթներից 102-ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ շուրջ 200-ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ: Ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից փաստացի վերականգնվել է 2․230․053․849 ՀՀ դրամ, որը երեք ու կես անգամ ավել է նախորդ ժամանակահատվածում գրանցված արդյունքից:
Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ նշված ցուցանիշները վկայում են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման մասին: Հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերների շարքում Արմեն Ասատրյանն առանձնացրել է ուշացած արդարադատությունը, որը լուրջ մարտահրավեր է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համար, որովհետև այն ոչ միայն նվազեցնում է պատասխանատվության անխուսափելիությունը, այլև խաթարում է հասարակության վստահությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ: Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ դրա դեմ պետք է պայքարել նաև կառույցի ներսում վերահսկողական մեխանիզմների ակտիվացմամբ ու կատարելագործմամբ՝ առաջնահերթությունների օրակարգում ընդգրկելով տևական ժամանակ քննվող վարույթները դատավարական ավարտի հասցնելու գործընթացը։
Խոսելով մարտահրավերներից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է. հակակոռուպցիոն պայքարը պահանջում է համատեղ և համակարգված ջանքեր, որոնց շրջանակներում հանրության և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող գործոն, ուստի կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքի հասնելու համար Արմեն Ասատրյանը կարևորել է պետական մարմինների, քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։


