Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։
Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ կազմակերպված հանցավորությունն իր վտանգավորության մասշտաբով սպառնալիք է ոչ միայն առանձին պետությունների և ժողովուրդների, այլև միջազգային ողջ հանրության համար, ինչը խաթարում է խաղաղ և անվտանգ համակեցությունը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային և դրա արձանագրությանը միացած պետություն, առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը։ Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող միգրացիոն միտումները ցույց են տալիս, որ Հայաստանը դարձել է թե՛ ծագման երկիր, թե՛ նպատակակետ և թե՛ տարանցիկ երկիր։
«Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն և արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը և մեր երկրի, ինչպես նաև ավելի ընդգրկուն՝ տարածաշրջանի, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը՝ քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ և խթանելով օրինական միգրացիայի ուղիները։
Նա նշել է, որ հանցավոր իրավիճակի մշտադիտարկումը ուժեղացնելու նպատակով ձեռնարկվել են արդյունավետ քայլեր և շարունակվում են մշակվել ու կատարելագործվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեթոդներն ու գործիքակազմը։
«Ֆինանսական հոսքերի շարժը վերլուծելու և հանցավոր դրսևորումները բացահայտելու նպատակով կենտրոնացել ենք կիբեռանվտանգության ոլորտում մեր կարողությունների զարգացման վրա, քանի որ նոր ժամանակաշրջանում կազմակերպված հանցավորությունը փոխակերպվում է, իսկ իրավապահ համակարգը պետք է զարգանա այդ փոփոխություններին համահունչ և նույնիսկ մի քանի քայլ առաջ լինի»,- ընդգծել է նախարարը։
Արփինե Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել․ «Այն սահմանները հատող հանցագործություն է, որը պահանջում է կայուն միջազգային համագործակցություն, ինչը և մենք շարունակում ենք ամրապնդել՝ խորացնելով կապը Եվրոպոլի հետ»,-ասել է նա։
ՆԳ նախարարի խոսքով՝ տեղեկատվության և փորձի արդյունավետ փոխանակմանն ուղղված Հայաստանի և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
Անդրադառնալով Ֆրոնտեքսի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ դրանք ընթացքի մեջ են և նույնպես կնպաստեն միգրացիայի և սահմանների կառավարման համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը։
Նախարարը անօրինական միգրացիայի դեմ պայքարը և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումները հատկապես կարևորել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի համատեքստում։
«Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ միակ պետությունն է, որի հետ Եվրոպական Միությունը վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն։ Սա վկայում է և՛ մեր համագործակցության բարձր մակարդակի մասին, և՛ միաժամանակ ցույց է տալիս վստահություն Հայաստանի կարողությունների նկատմամբ՝ միգրացիայի արդյունավետ կառավարման, անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- մատնանշել է Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է հետևյալ միջոցառումների իրականացման ուղղությամբ․
կենսաչափական փաստաթղթերի համապարփակ ենթակառուցվածքի ստեղծում, որը լիովին համապատասխանում է ICAO-ի ամենաբարձր ստանդարտներին,
սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում՝ իրավական դաշտի և ենթակառուցվածքների համալիր վերանայման, ռիսկերի վերլուծության գործիքների ներդրման, ինչպես նաև տվյալների կառավարման համակարգերի արդիականացման միջոցով,
ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների համար ռեադմիսիոն ընթացակարգերի ամրապնդում՝ Հայաստանի արդեն իսկ բարձր կատարողականի պահպանմամբ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ միջոցառումները կնպաստեն միգրացիայի կառավարմանն ու իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանը։
Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող Միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։
Եզրափակելով ելույթը՝ Արփինե Սարգսյանը վերահաստատել է հանձնառությունը՝ տարբեր մակարդակներում խորացնելու և ընդլայնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ քաղված դասերի և լավագույն փորձի փոխանակման միջոցով, նաև ընդգծել է անդրազգային հանցավորության և մասնավորապես՝ անկանոն և անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարում միասնական նպատակը։




