Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգերի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մշակույթի ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզի գաղափարի և ներկայացված էլեկտրոնային հարթակների լավարկման առաջարկների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգերից: Ծրագրին միացած են նախարարության համակարգի 19 թանգարան: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:
Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները, կանխել չարաշահումները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում և հաշվետվություն:
Ծրագրի լավարկման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգում ներառել ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ և թանգարանային համակարգը դարձնել ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող: Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ կամբողջանա տոմսային տնտեսությանը միացած նախարարության ենթակայության թանգարանների թիվը:

