Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Երևանում գործող մի շարք մարզադպրոցներ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզական հաստատությունների ենթակառուցվածքային պայմաններին, առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում պատրաստվում են ԵԱ-ին
ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին։ Նշվել է, որ մարզադպրոցն ունի ավելի քան 630 սան, որոնցից շուրջ 420-ը մարզվում է Երևանի մասնաճյուղերում։ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև մարզադպրոցի սաներին, այդ թվում՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին։ Ըմբիշները ներկայում նախապատրաստվում են ապրիլի 20-29-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Նախարարը հետաքրքրվել է նրանց նախապատրաստական փուլի ընթացքով, մարզումային պայմաններով և սպասելիքներով, և հաջողություն մաղթել առաջիկա պատասխանատու մրցումներում՝ վստահություն հայտնելով, որ նրանք միջազգային հարթակում արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը հիմնովին վերանորոգվել է 2022 թվականին։ Մարզադպրոցում ներդրվել են ժամանակակից ենթակառուցվածքներ՝ ջեռուցման և հովացման համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, նորագույն լուսավորություն, ինչպես նաև շենքը համալրվել է անհրաժեշտ մարզագույքով՝ վարժասարքերով և ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգերով։ Վերանորոգվել են հանդերձարանները և լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք։
Ավարտական փուլում է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի բարեկարգումը
Հաջորդաբար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Նախարարը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։
Այստեղ մարզվում են տարբեր տարիքային խմբերի երեխաներ, գործում են նաև աղջիկների խմբեր։ 1960-ականներին կառուցված շենքում որոշ բարեկարգումներ իրականացվել էին, սակայն մարզադպրոցում մարզումների լիարժեք կազմակերպման պայմանները բավարար չեն։ Նախարարի ընդգծմամբ՝ այս խնդիրը լուծում կստանա Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո։
Միաժամանակ, գործող մասնաշենքում կշարունակվեն սպորտային մարմնամարզության պարապմունքները, և այդ նպատակով, նոր մարզահամալիրի շահագործումից հետո, հին մասնաշենքում ևս կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ։
Այց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հաջորդ կանգառը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցն էր․ նա ծանոթացել շենքային և գույքային պայմաններին: Նշվել է, որ առկա դասասենյակները հիմնականում բավարարում են կարիքները, սակայն առկա են նաև մի շարք խնդիրներ: Անդրադարձ է կատարվել գույքի, մասնավորապես՝ շախմատի տախտակների և համապատասխան սարքավորումների ապահովմանը։ Նախարարն ընդգծել է, որ մարզադպրոցների վերանորոգման ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն շենքային պայմանների բարելավում, այլև նոր գույքով ամբողջական կահավորում։

Քննարկվել են նաև մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման գործընթացի արդյունավետությանն առնչվող հարցեր։
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի սաները նախորդ տարի 16 մեդալ են նվաճել
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հանդիպել մարզիչների և մարզիկների հետ: Նախարարին ներկայացվել է՝ նախորդ տարվա ընթացքում մարզադպրոցի սաները տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են շուրջ 16 մեդալ, ինչը վկայում է մարզիչների հետևողական աշխատանքի և սաների բարձր պատրաստվածության մասին։ Նշվել է նաև՝ մարզադպրոցի մի շարք մարզիկներ ընդգրկված են Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին և մարզիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակ երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Նա նշել է, որ սպորտում հաջողությունները ոչ միայն անձնական ձեռքբերում են, այլև կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում պետության հեղինակության բարձրացման գործում։ Նախարարը նաև շեշտել է, որ մարզիկների հաջողությունները ոգեշնչում են նոր սերնդին՝ զբաղվելու սպորտով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային խնդիրներին՝ մարզումային տարածքների և գույքի արդիականացմանը, մասնավորապես՝ ռինգերի և ծածկույթների թարմացմանը։
Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցն 800 սան ունի
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են մարզադպրոցի տարածքային և ենթակառուցվածքային պայմանները։ Նշվել է, որ շենքը նախկինում եղել է այլ նշանակության և ներկայում հարմարեցվել է մարզադպրոցի կարիքներին՝ հիմնականում սեփական միջոցներով իրականացված վերանորոգման արդյունքում։ Նախարարը շրջել է մարզադահլիճներով, հետևել հավաքական թիմերի մարզումների, եղել է նաև հանդերձարաններում:
Նշվել է, որ շուրջ 800 սան ունեցող մարզադպրոցում առկա են որոշ ենթակառուցվածքային սահմանափակումներ՝ կապված սանհանգույցների, օդափոխության, ջեռուցման և մարզադահլիճների համապատասխանության հետ։
Այց Երևանի ծանրամարտի մարզադպրոց
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այնուհետև եղել է Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը: Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում ընդգծվել է հատկապես հատակի վերանորոգման խնդիրը:
Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 280 սան ունի
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում էր: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են մարզադպրոցի պայմանները և գործունեության առանձնահատկությունները։ Նշվել է, որ դպրոցում մարզվում է շուրջ 280 սան՝ թիավարություն և առագաստային սպորտ մարզաձևերում։

Մարզադպրոցի պատասխանատուները նշել են, որ ենթակառուցվածքների բարելավման դեպքում մարզումների արդյունավետությունը կբարձրանա։ Անդրադարձ է կատարվել նաև մարզագույքի արդիականացման անհրաժեշտությանը․ ներկայում օգտագործվող նավակների և թիակների մի մասը ձեռք է բերվել 10-15 տարի առաջ, և դրանց թարմացումը կարևոր է մարզական գործընթացի լիարժեք կազմակերպման համար։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջնահերթ խնդիրների հստակ ձևակերպումն ու ներկայացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել առաջնային կարիքները և փուլային կերպով իրականացնել դրանց լուծումը։ Նա ընդգծել է նաև տարածքի զարգացման ներուժը և պայմանների բարելավման կարևորությունը՝ ավելի մեծ թվով երեխաների ներգրավման և մարզաձևի զարգացման նպատակով։
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում մարզադահլիճ է կառուցվում
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցն ավարտել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ ներկայում կառուցվում է ըմբշամարտի մարզադահլիճը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, կարևորել դրանց պատշաճ իրականացումը և ժամկետների խիստ պահպանումը։


