Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքացին իր վստահության քվեն տալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ փաստացի հաստատեց, որ այս և նախորդ հաշվետվություններում տեղ գտած թվերը և ցուցանիշները, հաջողությունների արձանագրումներն ու գրանցած արդյունքները խիստ իրական են և շոշափելի կերպով վերաբերում են իրական Հայաստանում ապրող, իրական հնարավորություններ ունեցող յուրաքանչյուր մեկին»,-այս մասին այսօր ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հոհաննիսյանը։
«Մեր քաղաքացիներն իրենց վստահության քվեով հաստատեցին, որ իրենց կողմից վճարված հարկերի դիմաց ստացել և ստանում են իրական և որակյալ ծառայություններ։ Հաստատեցին, որ կյանքի որակի դրական փոփոխությունը արձանագրված է, որ մրցակցային միջավայրերը հավասարակշիռ են և անվտանգ»,-ասաց նա։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ վստահության քվեով հաստատեցին, որ բարեկարգվում են ճանապարհներն ու համայնքները, ըդլայնվում են տնտեսական հնարավորությունները, ամրագրվում են առաջընթաց փոփոխություններ, իսկ արդյունքները շարունակում են մնալ ցայտուն ու շոշափելի։
«Բյուջեի կատարման հաջողությունը՝ չի կարելի գնահատել միայն նրանով, թե որքան գումար է հավաքագրվել կամ ծախսվել։ Պետական բյուջեն պարզապես եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ չէ, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը միայն հարկեր հավաքագրելու և միջոցներ բաշխելու գործիք»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ կարևոր է ևս մեկ անգամ արձանագրել նպատակները, դրանք են՝ տնտեսական աճի խթանումը, զբաղվածության բարձրացումը, աղքատության և անհավասարության նվազեցումը, ֆինանսական կայունության ապահովումը և պատասխանատու կերպով հանրային ռեսուրսների կառավարումը։
«Պետական բյուջեի կառավարումը պետք է գնահատել մեկ հիմնական հարցի պատասխանով՝ արդյոք իրականացված քաղաքականությունը հանգեցրել է մարդկանց կյանքի որակի, տնտեսական հնարավորությունների և հանրային բարեկեցության իրական բարելավմանը»,-հավելեց Վահե Հովհաննիսյանը։


