Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուրախ եմ մասնակցել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը, որի շրջանակում հրապարակվում են հարցազրույցներ «2026 Government AI 100» ցանկում ընդգրկված այն գործիչների հետ, որոնք աշխարհում առաջատար դեր են ստանձնել արհեստական բանականության ներդրման,կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
«Հարցազրույցում ներկայացրել եմ մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը:
Ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումից և հաշվողական ռեսուրսների հասանելիության ընդլայնումից մինչև ԱԲ գրագիտության զարգացում և նոր սերնդի մասնագետների պատրաստում․ մեր նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ ԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն՝ սա է հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը։ Միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ: Անհրաժեշտ է, որ պետական ծառայողները, մասնավոր հատվածը, կրթական համակարգը և քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն ԱԲ-ի հնարավորություններն օգտագործել լիարժեք և պատասխանատու կերպով։
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ճկուն և քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող։ Այն կարող է բարձրացնել ծառայությունների մատուցման որակը, աջակցել խարդախությունների բացահայտմանը, նպաստել տվյալահեն ու առավել հիմնավորված որոշումների կայացմանը։
Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ ԱԲ-ն կարող է մասշտաբավորել ոչ միայն գործողությունների արդյունավետությունը, այլև սխալները։ Կողմնակալությունը,անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են վտանգել հանրային վստահությունը։ Պետական կառավարման ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, էթիկան, մարդու իրավունքների պաշտպանությունը, հաշվետվողականությունն ու վերահսկողությունը պետք է գործեն ԱԲ համակարգերին զուգակցված։
ԱԲ-ն պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ օգնի՝ կայացնելու ավելի արդյունավետ որոշումներ։ Արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների հասանելիությունն ապահովելու համար Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ՝ համադրելով համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթությունը և լայն ներգրավվածությունը։
Վստահ եմ, որ ԱԲ-ն ոչ թե կսահմանափակի, այլ կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Թվային լուծումներն ու ավտոմատացումը մարդկանց կազատեն առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքից՝ հնարավորություն տալով ավելի շատ ժամանակ հատկացնել ստեղծարարությանը, նորարարությանը, քննադատական մտածողությանը և այնպիսի որոշումների կայացմանը, որոնք պահանջում են մարդկային դատողություն, երևակայություն և պատասխանատվություն»,- նշել է նա։


