Հայաստանը փորձում է միաժամանակ խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ և պահպանել Ռուսաստանի հետ ձևավորված տնտեսական ու քաղաքական կապերը։ Բայց որքանո՞վ է այս բալանսը դեռ հնարավոր։
Վերջին տարիներին Երևանը ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Եվ այստեղ խոսքն արդեն միայն քաղաքական հայտարարությունների մասին չէ։ Արևմուտքի հետ ընդլայնվում է գործակցությունը անվտանգության, տնտեսության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը։ Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը կապված է Ռուսաստանի հետ, իսկ էներգետիկ ոլորտում նույնպես Մոսկվայի ազդեցությունը դեռ մեծ է։ Հայաստանը նաև շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։
Այս իրավիճակում Հայաստանի քաղաքականության հիմնական խնդիրն այն է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը գնալով ավելի դժվար է համատեղել Ռուսաստանի հետ նախկին մակարդակի հարաբերությունների պահպանման հետ։
Մոսկվայում Երևանի եվրոպական ուղղությունը դիտարկվում է որպես սեփական ազդեցության նվազում։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր փորձել երկու ուղղությունների միջև որոշակի տարածություն պահել, այսօր այդ տարածությունը կարծես նեղանում է։
Վերջին ամիսներին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել հայկական ապրանքների նկատմամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ սահմանափակումները համարել է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններին և ԵԱՏՄ կանոններին հակասող։
Միաժամանակ ռուս պաշտոնյաներն ավելի սուր են արտահայտվում Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու հարցով հանրաքվեի վերաբերյալ։
Այսինքն՝ Մոսկվայի ուղերձը գնալով ավելի պարզ է դառնում․ Եվրոպական ինտեգրումը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող են բախվել միմյանց։
Երևանն առայժմ փորձում է խուսափել մեկ գործընկերոջից կախված լինելուց և շարունակում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը։ Իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը ոչ թե փոխո՞ւմ է իր արտաքին կողմնորոշումը, այլ ձգտում է ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։
Աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում կարո՞ղ է Հայաստանը հարաբերություններ զարգացնել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ այլ երկրների հետ՝ առանց որևէ մեկից կախվածության։ Եթե դա հաջողվի, բալանսավորված արտաքին քաղաքականությունը կարող է աշխատել։ Բայց եթե արտաքին ուժերը Հայաստանից սկսեն հստակ ընտրություն պահանջել, մանևրի հնարավորությունները զգալիորեն կսահմանափակվեն։
Հայաստանի արտաքին քաղաքականության իրական հաջողությունը պետք է չափել ոչ թե նրանով, թե որքան մոտ է Երևանը Մոսկվային կամ Բրյուսելին, այլ նրանով, թե որքանով է երկիրը կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել։
Եվ հենց սա է առաջիկա տարիների ամենակարևոր արտաքին քաղաքական մարտահրավերը Հայաստանի համար։ Այդ մարտահրավերի լուծումն է իշխանության այսօրվա գլխավոր «տնային աշխատանքը»։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


