Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օգոստոսի 15-ին Ռիգայում կայացած վորքաութ մարզաձևի աշխարհի առաջնությունում 17-ամյա աթլետ Էդգար Պապոյանը դարձել է բացարձակ չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ի նշանավորումն հաղթանակի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է մարզիկին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, փոխնախագահ Հայրապետ Դավթյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մարզիկին հաղթանակի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս հաղթանակը, որը նաև ֆեդերացիայի ջանքերի ու երկար տարիների աշխատանքի արդյունքն է, անկասկած, ոգևորեց շատ երեխաների ու պատանիների՝ այսուհետ իրենց ևս տեսնելու այս հաջողության մեջ: Այսօրինակ նվաճումներ և ցանկալի արդյունքներ ունենալուն են ուղղված նաև ՀՀ տարբեր համայնքներում՝ բակային տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների ձևավորումը, որը, որպես շարունակական գործընթաց, իրականացվում է՝ կարևորելով պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանումը»:
Նախարարը հիշատակել է վերջերս Ճամբարակում կայացած միջոցառումը, որտեղ Էդգար Պապոյանը ևս ցուցադրական ելույթ է ունեցել` ոգևորելով տեղի երեխաներին: Նրա դիտարկմամբ՝ վերջինները ևս որոշակի հմտություններ էին ցուցաբերում մարզաձևում, ինչը ցույց է տալիս աճող հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակների ձևավորման քաղաքականություն այն խոշորացված համայնքներում, որտեղ չկան նման հնարավորություններ: Այդ կոմբինացված մարզահրապարակների անբաժանելի մասը պետք է լինեն «վորքաութ» մարզահրապարակները: Աշխատանքները, ըստ նախարարի, կազմակերպվելու են ֆեդերացիայի հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց փորձն ու ներդրումն այդ ուղղությամբ:
Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ համառոտ ներկայացնելով մրցաշարի մանրամասներն ու հայ մարզիկի հաղթանակի ընթացքը: Ըստ այդմ՝ Հայաստանն այս մարզաձևի աշխարհի առաջնություններին մասնակցում է 2014 թվականից՝ գրավելով տարբեր՝ ոչ մրցանակային տեղեր: 2026 թվականին առաջնությանը մասնակցել է 170 մասնակից՝ 53 երկրից, որոնց հետ մրցակցությամբ՝ հայ մարզիկը գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Էդգար Պապոյանը Հայաստան է վերադարձել երկու գավաթով: Ինչպես ֆեդերացիայի նախագահն է նշել, մարզիկը մրցել է միջին քաշային կարգում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և բացի իր քաշային կարգից, բոլոր քաշային կարգերի ընդհանուր միավորների համախումբով ևս գրավել է առաջին տեղը։
«Մրցաշարում հաղթեց ոչ միայն ֆիզիկական ուժը, այլև ռազմավարությունը, որով առաջնորդվել էինք: Տարբեր տարիների մրցաշարերում ունեցած մեր փորձառությունը վերլուծելով, սխալները վեր հանելով ու դրանց վրա աշխատելով, ինչպես նաև Էդգարի աշխատասիրության արդյունքում՝ հասանք հաղթանակի: Մենք Էդգարի օրինակով կարողացանք ցույց տալ, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր բակում՝ Հայաստանի ցանկացած կետում, կարող է վորքաութ մարզահրապարակում մարզվել և հասնել լավ արդյունքների։ Պարտադիր չէ՝ բոլորը դառնան աշխարհի չեմպիոն, բայց եթե իրենք արդեն մարզվում են, հեռու են մնում վատ սովորույթներից, դա նույնպես հաղթանակ է: Մոտակա մեկ տարվա ընթացքում, քանի դեռ Էդգարը գործող չեմպիոն է, մեր ուղերձը լինելու է հետևյալը՝ յուրաքանչյուր երեխա բակում մարզվելով կարող է դառնալ չեմպիոն հենց ինքն իր համար, և դա ամենամեծ հաղթանակն է»,- ասել է Արթուր Հարությունյանը։
Նա հավելել է, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարզիկի նկատմամբ՝ կարևորելով նրա ներկայությունը տարբեր մրցաշարերում: Էդգար Պապոյանի ելույթը նպաստել է նաև Հայաստանում առաջնություններ անցկացնելու հնարավորության ստեղծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի մասսայականացմանն ուղղված միջոցառումների պլանավորմանը, միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորություններին առնչվող և այլ հարցեր:
Նշենք, որ պետական աջակցությամբ վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման նպատակով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակ է կառուցվել։


